ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնությունում տարիներ առաջ տեղի ունեցած դիտավորությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 50-ամյա բնակիչը, գտնվելով Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Տոսնոյի շրջանում, 2015 թ. հոկտեմբերի 7-8-ն ընկած ժամանակահատվածում, ծանոթ կնոջ հետ անձնական խնդիրների պատճառով առաջացած վեճի ընթացքում, ապօրինաբար դիտավորությամբ նրան կյանքից զրկելու նպատակով, բութ առարկայով, պտուտակահանով և էլեկտրաշոկային զենքով բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի հետևանքով կինը մահացել է: Կանխամտածված գործողություններից ստացած մարմնական վնասվածքների հետևանքով կինը մահացել է: Օրեր անց՝ հոկտեմբերի 12-ին, դին հայտնաբերվել է տարածաշրջանի կենցաղային թափոնների աղբանոցում՝ նավթամուղային խողովակաշարերի տեխնիկական վայրէջքի գծային հատվածում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: