«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ 2019 թ. մարտի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին փոխնախարար Վ. Պ.-ին։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019 թ. մարտի 9-ի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:
Քրեական գործով հետագա նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2020 թ. օգոստոսի 11-ին Վ. Պ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել 2015-2016 թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագով) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներ առերևույթ կատարելու համար։
Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ Վ.Պ.-ն, հանդիսանալով ՀՀ-ում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի բնագավառում աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, կազմակերպել և ղեկավարել է Գլոբալ հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից, ՀԿ-ի ներգրավմամբ և 2 ՍՊԸ-ների փաստացի ղեկավարների օժանդակությամբ, նշված կազմակերպություններին փոխանցված գումարներից շարունակաբար առանձնապես խոշոր չափի դրամական միջոցների՝ 78.341.320 ՀՀ դրամի յուրացումը, որից ավելի քան 2/3-ը, որպես հափշտակության կազմակերպիչ, տրվել է Վ. Պ.-ին, իսկ մնացած մասը՝ 20.591.320 ՀՀ դրամը, տնօրինվել է կենտրոնի տնօրենի կողմից անձնական նպատակներով:
Վ.Պ.-ն նաև կազմակերպել և ղեկավարել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի կողմից «Տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության» ծրագրից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափով՝ ընդհանուր 8.371.880 ՀՀ դրամ գումարի հափշտակության կատարումը՝ երկու աշխատակիցներ ձևական գրանցելու և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձը իրենց վերցնելու միջոցով:
Բացի դրանից՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը, ծառայության գծով թողտվության և հովանավորչության համար, գույքային առավելության տեսքով որպես առանձնապես խոշոր չափով կաշառք, Կենտրոնի տնօրենից պահանջել է ձեռք բերել և անձնական օգտագործման համար իրեն տրամադրել իբրև Կենտրոնի կարիքների համար 17.600.000 ՀՀ դրամ արժեքով գնված ավտոմեքենան, որից հետո պահանջել է նաև Կենտրոնի միջոցների հաշվին կատարել մեքենայի ընթացիկ ծախսերը և յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100 լիտր բենզինային վառելիքի կտրոններ:
2020 թ. օգոստոսի 11-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի օգոստոսի 16-ի որոշմամբ մերժվել էր։
Այս որոշման դեմ վերքննիչ բողոք է բերվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թ. սեպտեմբերի 7-ի որոշմամբ դատախազության բողոքը բավարարվել է, Վ․Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշված քրեական գործով նախաքննության տարբեր փուլերում մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում նաև «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորմանն այլընտրանքային գրավ: