ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանը բողոքարկել է Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Մարդասպանությունից 16 տարի անց՝ այս տարվա մայիսի 26-ին, ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Բաքուն խախտել է կյանքի իրավունքն ու դրսևորվել խտրականություն:
Սիրանուշ Սահակյան, ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ - Մեր ունեցած տեղեկություններով` ադրբեջանական կողմը բողոքարկել է, հիմքերին մենք կկարողանանք ծանոթանալ ավելի ուշ, երբ հինգ դատավորի կազմն ուսումնասիրի և վարույթ ընդունի:
Բաքվի բողոքի վերաբերյալ հայկական կողմը կհայտնի դիրքորոշումն այդ մասին պաշտոնապես տեղեկանալուց և հիմքերին ծանոթանալուց հետո: Ըստ ՄԻԵԴ կանոնագրքի, կողմերը կարող են վճիռը դատարանի Մեծ պալատ բողոքարկել եռամսյա ժամկետում, որն այս դեպքում լրացավ օգոստոսի 26-ին:
Սիրանուշ Սահակյան, ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ - Հունգարական դատարանները սա համարել էին մասնավոր հանցագործություն, մինչդեռ մենք պահանջում էինք ՄԻԵԴ-ից, որ Ադրբեջանին պատասխանատվության կանչեն ոչ միայն ներման համար, այլ ինքնին սպանության մասով, մենք համակարծիք չենք, վճիռը բողոքարկվել է Մեծ պալատ:
Սիրանուշ Սահակյանը վստահ է՝ մայիսի 26-ի ՄԻԵԴ վճիռը բեկանվելու ռիսկեր չունի: Սաֆարովի ներման ու հերոսացման հետևանքով Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքի խախտման արձանագրումն, ըստ նրա, անխախտելի է:
Սիրանուշ Սահակյան, ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ - Մեր ակնկալիքները, որ մեկ քայլ ևս առաջընթաց կարձանագրենք, իրավական առումով կուժեղացնենք կյանքի իրավունքի պաշտպանությունը ողջ համաեվրոպական տարածքում, սկզբունքային է հակահայկականության, խտրականության արձանագրված փաստերը հաստատում ստանան Մեծ պալատի կողմից:
ՄԻԵԴ-ում Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցչի համոզմամբ՝ Մեծ պալատում քննությունը ցույց կտա գործի բարձր իրավական արժեքը, կապահովի համաեվրոպական հնչեղություն, Ստրասբուրգի դատարանից տրված չափանիշներն էլ հետագայում ուղենիշ կդառնան մյուս պետությունների համար: