ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության և եվրոպական մի քանի պետությունների միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունների վավերացումը:
ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին կիրարկման երեք արձանագրությունները՝ Բուլղարիայի Հանրապետության, Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) և Գերմանիայի Դաշնության հետ:
«Արձանագրությունների նպատակն է կողմերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակում դյուրացնել ռեադմիսիայի համաձայնագրի իրականացումը: Արձանագրությունները նախատեսում են մանրամասն կանոններ ՀՀ-ի և Բենլիյուքսի պետությունների, Գերանիայի և Բուլղարիայի միջև հարաբերություններում կիրարակման մասով»,- ասել է ծառայության պետը:
Այս ոլորտում ՀՀ քաղաքականությունը միտված է ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության սերտացմանը, ինչը, իր հերթին, նպաստում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետությանը: Ըստ Ղազարյանի՝ արձանագրությունների վավերացումը դրական ազդեցություն կունենա այդ համագործակցության ընդլայնման և խորացման վրա: Ամենաշատ հետընդունումն իրականացվում է Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից:
2020-ին առաջին անգամ Կառավարությունը հաստատել է պետական ծրագիր՝ օժանդակելու հարկադիր վերադարձող քաղաքացիներին: «Մինչ այդ պետությունն այս ոլորտում եղել է բացակա: Ծրագրով օժանդակում ենք հարկադիր վերադարձած և կեցության վայր չունեցող քաղաքացիներին, տրամադրում ենք բնակարանի վարձի փոխհատուցում՝ 60 հազար դրամի չափով 6 ամսվա ընթացքում»,- ասաց Ղազարյանը:
Այս պահին արձանագրություններ են վավերացվել երեք երկրների՝ Ֆրանսիայի, Էստոնիայի, Չեխիայի հետ: