«Մարտի 1»-ի գործով նախաքննությունն ըստ էության դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ: Սրանք դեռ բոլոր պատճառները չեն։
«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջոդների ներկայացուցչի խոսքով՝ իրենց ֆիզիկապես չմասնակցելը չի նշանակում, որ իրենք իրենց հեռու են պահելու գործից, պարզապես առկա իրավիճակում նախընտրում են այս մոտեցումը:
Տիգրան Եգորյան («Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջոդների ներկայացուցիչ) - Մեր չմասնակցությունը որևէ կերպ գործի այս կամ այն ուղղությամբ ընթանալուն չի նպաստելու, դրա համար պատասխանատուները միայն այդ գործի համար պատասխանատու պետական մարմիններն են:
Եգորյանի պնդմամբ՝ 2018-ին մեկնարկեցին գործընթացներ, որոնք պետք է լուծեին նաև կոռումպացված և տարիներ շարունակ հակաժողովրդական, խմբային շահերով առաջնորդված դատական համակարգի խնդիրները։ Բայց ժամանակը ցույց տվեց բոլորովին այլ իրավիճակ:
Տիգրան Եգորյան - Երբ հեղափոխությունից հետո այդ գործիքը, որը կիրառվել է ժողովրդի դեմ, պետության դեմ շարունակվում է գործել, ոչ մի խնդիր չի կարող լուծվել՝ ո՛չ այս գործով, ո՛չ ուրիշ գործով: Այն գործիքը, որ կրակել է ժողովրդի վրա, չի կարող այդ կրակոցի հետևանքով սպանության գործը քննել որևէ կարգավիճակով:
Տուժող կողմի ներկայացուցիչները հիշեցնում են՝ «Մարտի 1-ի» գործով դատապարտվել է շուրջ 113 անձ։ Սակայն հեղափոխությունից հետո ընդամենը 15 գործ է արժանացել դատական մարմինների ուշադրությանը. դատախազությունը վճռաբեկ բողոքներ է բերել միայն 2019-ին։ Դրանից հետո լուռ է։ Եգորյանը հիշեցնում է, որ այս գործով նախկին տարիների իրավախախտումները հաստատվեցին Եվրոպական դատարանի վճիռներով, բայց դրանք, մեծ հաշվով, մնացին անհետևանք:
Տիգրան Եգորյան - Երբ «Մարտի 1-ի» գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք և ջանադրություն քրեական հետապնդումները համակարգված և հետևողականորեն իրականացնելու ուղղությամբ, առանձին դեմքեր հնարավորություն էին ստանում խուսափելու քննությունից կամ նրանց «ընծայվում» էր հնարավորություն՝ ազատվելու քրեական հետապնդումից:
Փաստաբաններն ընդգծում են՝ մինչ օրս որևէ կերպ չի դրսևորվում իրավապահների համագործակցությունը «Մարտի 1-ի» գործի քննության շրջանակում: Գլխավոր դերակատարները դեռ արդյունավետորեն խուսափում են ցուցմունքներ տալուց և այդ կապակցությամբ չկա որևէ արդյունավետ միջոց: Իսկ ԱԱԾ ից 2 տարի շարունակ տեղեկատվության հոսքը բացասաբար է ազդել քննչական ծառայության աշխատանքի վրա:
Սեդա Սաֆարյան (Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ) - Այո՛, տեղեկատվական արտահոսք եղել է, կան սպանություններ, դրանց պատճառով ու ներկա պահին այդ սպանությունները չեն բացահայտվել:
Մարտի 1-ի գործի քննությունը նախատեսված է վաղը: Այս անգամ՝ առանց տուժող կողմի: