Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 10 տարվա աշխատանքային փորձով Շվեդիայից Հայաստան ժամանած Ելենան եվրոպական երազանքներն էլ հետն է բերել. մինչև 2050 թվականը Հայաստանում ունենալ ամբողջությամբ կանաչ էլեկտրաէներգիա, այսինքն միայն քամուց, արևից, ջրից:
Ելենա Վարդանյան - Մենք ունենք հրաշալի ռեսուրսներ, հատկապես` արևի: ՀՀ-ում տարեկան 360 օր արևոտ է լինում:
Ելենան իր գիտելիքներով ու փորձով օգտակար կլինի շրջակա միջավայրի նախարարությանը: Հայաստան է վերադարձել «Ի գործ» ծրագրով: Սեպտեմբերի 1-ից մեկնարկած, սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի նախաձեռնած ծրագրի նպատակն է օգտագործել սփյուռքի մասնագիտական ներուժն՝ ի նպաստ Հայաստանի պետական կառավարման համակարգի զարգացման:
Իրինա Ղափլանյան, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ - Միանշանակ, մենք ունենք միջազգային լավագույն փորձի համալրման կարիք՝ հաշվի առնելով, որ մեզ մոտ բավականին ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք իրականացրել:
Մասնագիտական հայրենադարձության ծրագրով արդեն Հայաստան է ժամանել 24 մասնագետ՝ աշխարհի տարբեր երկրներից: «Ի գործ» ծրագրի ղեկավարը գերատեսչություններին է ներկայացնում սփյուռքահայ մասնագետներին:
Շուշան Քեշիշյան - Ես Շուշան Քեշիշյանն եմ, Բեյրութից եմ, սովորել եմ Լիբանանի Ամերիկյան համալսարանում, իսկ հետո շարունակել եմ մագիստրատուրան Անգլիայում:
Շուշանը թեզը ղարաբաղյան համակարտության թեմայով է գրել: «Ի գործ» ծրագրով գիտելիքները կկիրառի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Արման Խաչատրյան, ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ - Արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից է համահայկականությունը, որը ենթադրում է նաև սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբում:
Շուշան Քեշիշյան - Ես փոքր ժամանակվանից էլ ուզել եմ Հայաստան տեղափոխվել, ապրել Հայաստանում, բոլոր քայլերը, որ արել եմ տարիների ընթացքում, այդ նպատակով են եղել:
Ծրագրին դիմած 800 մասնակցից ընտրվել է 100-ը: Նրանք աշխատանքի կանցնեն և ոմանք արդեն անցել են վարչապետի աշխատակազմում, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, շրջակա միջավայրի, բարձր տեխնոարդյունաբերության ու այլ նախարարություններում, Կենտրոնական բանկում, Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակներում:
Մեղրիկ Աիթյան - Հայրենադարձությունը շատ բարդ պրոցես է ու շատ ուրախ եմ, որ սփյուռքի հանձնակատարի գրասենյակն առիթ է ընծայում ու կարծես մեր ձեռքից բռնած` օգնում է այդ բարդ պրոցեսը հաղթահարել:
Մասնագիտական հարուստ փորձով ու դա հայրենիքում ներդնել պատրաստ երիտասարդներին կառավարությունն ուղիղ մեկ տարի կաջակցի ամեն ինչով, որ ինտեգրվեն Հայաստանում, այդ թվում՝ կեցություն համար յուրաքանչյուրին՝ ամսական 336.000 դրամ:
Լիանա Սիմոնյան, «Ի գործ» ծրագրի ղեկավար - Ծրագիրն առաջին անգամ ենք մեկնարկում, մեկ տարով, իհարկե, շարունակական բնույթ է կրելու, ամեն տարի լինելու է այս ծրագիրը՝ տարբեր մասնագետների համար և նախատեսում ենք, որ մեր մասնակիցներն այս մեկ տարվա ընթացքում այնպես կադապտացվեն, որ չեն ցանկանա գնալ երկրից: