Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաշվետվություն է ներկայացրել իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կառավարության ձեռք բերած ու նվիրատվություն ստացած մեքենաների թվի վերաբերյալ:
«Պաշտոնավարմանս անցած ավելի քան 100 օրվա ընթացքում պետական կարիքների համար Արցախի Հանրապետության կառավարությունը ձեռք է բերել 4 «Ուրալ» հրդեհաշիջման ավտոմեքենա և մեկ ավտոսանդղակ: Բնականաբար, այդ գնումները կատարվել են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համար: Այլ մեքենա չենք գնել:
Այս ընթացքում, սակայն, անհատական կապերի միջոցով բարերարների կողմից ձեռք են բերվել և նվիրաբերվել՝
Ազգային անվտանգության ծառայությանը՝ 14 ավտոմեքենա.
Ոստիկանությանը՝ 4 ավտոմեքենա.
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 4 ավտոմեքենա:
ՀՀ Կառավարությունը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ է նվիրաբերել ԱՀ առողջապահության նախարարությանը:
Հիշեցնեմ, որ իմ ծառայողական 2 մեքենաները (Տոյոտա LC 200 և էլեկտրամոբիլ) ևս ստացել եմ բարերարների կողմից:
Պետական միջոցներն արդյունավետ և խնայողաբար ծախսելու մեր որդեգրած մոտեցումը մեզ համար լինելու է հիմնական ուղենիշ առաջիկա 5 տարիների ընթացքում, և այդ մասին հաշվետվություններով պարբերաբար հանդես ենք գալու հանրության առջև»,- հայտնել է Արցախի նախագահը: