Թուրքիայում՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվում է Սուրբ պատարագ:
Պատարագի ընթացքում խորան բարձրացավ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանը, որը իր խոսքում ընդգծեց, որ այս տարի ևս կատարում են ուխտագնացություն, սակայն նախորդ տարիների պես ուրախ չեն, քանի որ ժողովրդի համար փակ է պատարագը:
«Այս սուրբ տաճարը շատ թանկագին է մենք՝ հայերուս համար, և ինչու չէ՝ ամբողջ քրիստոնյա աշխարհին համար, որովհետև այս տարածքաշրջանին մեջ, Արևելյան Անատոլիայի մեջ, հազարավոր քառակուսի կիլոմետրի մեջ միակ կանգուն եկեղեցին է, որում մեջ կրկնանք պատարագ մատուցանել և միակ եկեղեցին է, որուն գմբեթին վրա Սուրբ խաչը կկանգնի և կճառագայթե: Այսօր մենք մեր ուխտագնացությունը պիտի կատարենք և վերադառնանք մեր տուները, բայց այս եկեղեցին, այս Սուրբ Խաչ եկեղեցին պիտի մնա հոս, ինչպես 1100 տարի կանգուն մնացած է և իր քարեղեն թևերը բացած դեպի երկինք պիտի աղոթե և վկայությունը պիտի դառնա Տեր Հիսուս Քրիստոսին:
Մենք եկանք հաղորդվելու այս եկեղեցիին հետ, անոր սրբազան, սրբատաշ սյուներուն, քարերուն հետ: Եվ մենք գիտենք, որ հազարավոր տարիներու աղոթքը ծծած են այս պատերը: Աստված բոլոր հայերուն արժանացնե այս տաճարը այցելել»,- իր խոսքում ասաց Պոլսո հայոց պատրիարքը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ սեպտեմբերի 6-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի: Հաղորդվում էր, որ Պոլսո հայոց պատրիարքարանից պատարագը անցկացնելու համար կղզի կժամանի 25 հոգանոց անձնակազմ։
Հայոց պատրիարքարանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սբ Խաչ եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի դռնփակ է լինելու։
Նշվում է, որ նկատի առնելով համավարակի պարագան՝ թուրքական իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում համատեղ որոշում է կայացվել պատարագն անցկացնել դռնփակ։