Ադրբեջանը չի մասնակցի ՌԴ-ում աշնանը կայանալիք «Կովկաս-2020» զորավարժություններին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում:
«Ադրբեջանցի զինծառայողները չեն մասնակցի «Կովկաս-2020» զորավարժություններին, որոնք կանցկացվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին Ռուսաստանում: Վերոնշյալ զորավարժություններին նախատեսվում է երկու զինծառայող ուղարկել՝ որպես դիտորդ»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հրաժարվում է մասնակցել «Կովկաս-2020» զորավարժություններին: Որպես պատճառ էր նշվել կորոնավիրուսի համավարակի տարածումը: Նյու Դելին արդեն տեղեկացրել է Մոսկվային իր որոշման մասին:
«Կովկաս-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն Ռուսաստանի հարավում: