Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը գոհ է ազգային թիմի ֆուտբոլիստներից Հյուսիսային Մակեդոնիայի դեմ պարտված խաղից հետո:
«Կուզեի շնորհավորել ֆուտբոլիստներիս, հեշտ չէ բաց թողնել գնդակ 4-րդ րոպեին 11 մետրանոցից և շարունակել պայքարել: Իսկ թե կա՞ր այդտեղ 11 մետրանոց հարված, թե՞ ոչ՝ կիմանաք դուք: Թիմը չհուսալքվեց: Շատ շոգ էր, որը ևս ազդեց խաղի վրա: Ֆուտբոլիստները չհանձնվեցին և պայքարեցին մինչև վերջ: Չէի ցանկանա գնահատական տալ 11 մետրանոցների հետ կապված: Ես գոհ եմ թիմի խաղից: Ազգերի լիգան նոր է մեկնարկել, և ես կարծում եմ, որ մենք կարող են դեռևս լավ հանդես գալ այստեղ»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հետխաղյա մամուլի ասուլիսին ասել է Կապառոսը:
Իսպանացի մասնագետի խոսքով` խմբում հանդես են գալիս թիմեր, որոնք ունեն հավասար հնարավորություններ, և այստեղ կարևոր է նաև մարզական բախտը, որը Հայաստանի հավաքականին չժպտաց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի որակավորման փուլի առաջին խաղում Հայաստանի ընտրանին արտագնա խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ և զիջեց 2:1 հաշվով: