Սեդվու վանքը Լոռու մարզի պատմամշակութային գեղեցիկ հուշարձաններից է, որի գոյությունը, սակայն, վտանգված է:
Արթուր Դավթյան (Կաճաճկուտի բնակիչ) - Կարելի է ասել՝ գնալով տարիների ընթացքում, սկզբից էս վիճակում չի եղել, միգուցե երկրաշարժն իր վատ հետևանքն է թողել, ու գնալով վերանորոգում չի կատարվել, գնալով փլուզման եզրին ա հայտնվել:
Սեդվու վանական համալիրի Սուրբ Նշան վանքը, կլորավուն աշտարակներով պարիսպները, հայ միաբանների կացարանները, շտեմարաններն ու սեղանատունը, մի փոքր հեռու հսկիչ զինվորական կայազորային աշտարակը, կառուցվել են Զաքարյան իշխանապետության տարիներին, որոնցից շատերից ավերակներն են մնացել: Ասում են՝ դրանց քարերով ժամանակին կոլտնտեսային փարախներ են կառուցվել: Վանի և Լճաշենի ուրարտական արձանագրություններում հիշատակություններ կան Սեդուի թագավորության մասին, որի համաձայն այստեղ խոշոր բնակավայր գոյություն է ունեցել դեռևս 3000 տարի առաջ:
Սեդվին գտնվում է Ալավերդի համայնքի Կաճաճկուտ գյուղի վարչական տարածքում: Սուրբ նշան վանքը վաղուց արդեն ոչ միայն Կաճաճկուտ, այլև Հագվի և Աքորի գյուղերի բնակիչների, նաև ալավերդցիների համար ուխտատեղի է:
Ռուզաննա Թամազյան (Կաճաճկուտ վարչական ղեկավար) - Առաջին հերթին որպես սրբավայր կարևոր նշանակություն ունի գյուղի բնակիչների համար, նույնիսկ 2 կմ ճանապարհը չեն զլանում ոտքով որպես ուխտագնացության գան հասնեն էստեղ, որովհետև բոլորը փորձված գիտեն:
Վանական համալիրը գտնվում է անտառապատ տարածքում: Զբոսաշրջային այս գրավչությունն անտարբեր չի թողել, և նախորդ տարի այստեղ բացվել էր վրանային ճամբար: Այս տարի համավարակի պատճառով չի գործել:
Դժվարանցանելի է նաև վանք բերող ճանապարհը: Ալավերդու համայնքապետն ասում է, որ ծրագրված է Կաճաճկուտի հին ճանապարհը վերականգնելով ստեղծել զբոսաշրջային նոր երթուղի:
Սասուն Խեչումյան (Ալավերդի համայնքի ղեկավար) - էստեղից՝ Սեդվու տարածքից, առաջարկում ենք երկու ճյուղ. մեկը գնում է դեպի Լալվարի բարձունք, որտեղից հետաքրքիր տեսարան է բացվում դեպի Քռի դաշտավայր, և երկրորդ ճանապարհը գնում ա Բգավորով, ովքեր շատ հետաքրքրված են պատմական տուրիզմով, որտեղ կան Դարքը, հետաքրքիր խաչքար, և տեղում ունենք նաև մի հին բնակատեղի:
Բգավորը նույնպես զարմանալի, գեղեցիկ հուշարձան է Lալվարի լանջին: Համայնքապետարանը ծրագիրը ներկայացրել է զարգացման գործակալություն:
Դրական արձագանքի և հինավուրց ճանապարհի վերականգնումից հետո կստեղծվի հետաքրքիր զբոսաշրջային երթուղի, սակայն մինչ այդ անհրաժեշտ է ամրացնել ու նորոգել վանքն ու կայազորային հսկիչ աշտարակը, որոնք փլուզման եզրին են: