Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։
Օրակարգի համաձայն, Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Արթուր Ղամբարյանը հանդես է եկել իր հեղինակած «Դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակ» վերտառությամբ հայեցակարգային զեկույցով։
Ընդհանուր դրույթներով անդրադարձ է կատարվել ՀՀ դատախազության կարգավիճակի սահմանադրական հիմքերի բարեփոխումներին (դատախազության անկախության մասին դրույթի սահմանադրական ամրագրում, դատախազության գործառույթների (լիազորությունների) համակարգի վերափոխում, հստակեցում և այլն), ինչպես նաև քննչական մարմինների կարգավիճակի բերափոխումներին (քննչական մարմինների՝ որպես առանձին մարմնի մասին սահմանադրական կարգավորման վերանայում, քննության գործառույթից կիսադատական տարրի առանձնացում և քննչական մարմինների գործադիր բնույթի (ապացույցների հավաքման) գործառույթների հստակեցում և այլն):
Զեկույցից հետո Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները, փաստարկներն ու հակափաստարկները։