Չիր արտադրող ամենամեծ՝ թունելային ընկերությունն իր դռներն է բացել գյուղացիների առջև։ Մատակարարներն առայժմ Արմավիրի ու Արարատի գյուղացիներն են։ Եկող տարվանից, սակայն, ընկերությունը կընդլայնի մթերման աշխարհագրությունը։ Այս պահին սև սալոր են գնում՝ 1 կգ-ը՝ 170 դրամով։ Վճարում են տեղում։
Գործարանը 10 հազար տոննա մթերելու հնարավորություն ունի, բայց չի շտապում ամբողջությամբ ծանրաբեռնվել։ Նախ կբավարարվեն 1000 տոննայով, որից ավելի քան 300 տոննա չիր կստանան։
Հայկ Մանուկյան (ընկերության տնօրեն) - Էս պահին ունենք 2 թունել, որտեղ իրականացնում ենք թունելային չորացումը, նախատեսված են ևս 50-ը:
Հայկական արևահամ միրգը չորացնում են առանց հավելումների։ Սև սալորաչրի պահանջարկը թեև ներքին շուկայում էլ է մեծ, ընկերությունն առայժմ հայկական չիրը կարտահանի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան։
Հայկ Մանուկյան - Միացնում ենք թունելային չորացումը, մեկ րոպեից կրակը կվառվի ու կսկսվի չորացման պրոցեսը։
Մինչև չորացումը թարմ միրգը բազմաթիվ փուլեր է անցնում։ Մոտ 25 աշխատող է պետք՝ բազմակի մշակությամբ գործընթացը սահուն կազմակերպելու, Հայաստանը դրսում ներկայացնող չոր միրգն ուշագրավ տեսքի բերելու համար։
Հայաստանում բազմաբնույթ գործունեություն իրականացնող ընկերությունը, որ բիզնես ծրագրեր է անում հիմնականում գյուղատնտեսության ոլորտում, ձախողման վտանգ չի տեսնում։ Եթե խնդիրներ էլ առաջանում են, ըստ ընկերության ղեկավարի, առնչվում են հիմնականում գյուղացիների հետ, որոնցից ընդամենը պահանջվում է բերքը ժամանակին գործարան հասցնել, որ չհնանա։
Հայկ Մանուկյան - Հայաստանում մենք ներդրումներ ենք արել տարբեր ոլորտներում, որը վաղը-մյուս օրը իր մեծ արդյունքը կբերի, եթե ինչ-որ բան չի ստացվում, ոչ ճիշտ կառավարման պատճառով է։
Կվերամշակեն նաև պիստակ։ Կողբավանում ընկերության հիմնած պիստակի այգին առաջին բերքը կտա գալիք տարի: