Սեպտեմբերի 4-ին ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Քրեյգ Գոլդշտեյնին:
Շնորհավորելով Գոլդշտեյնին նշանակման կապակցությամբ՝ Արա Ֆիդանյանը հույս է հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը երկու կողմերի միջև ավելի կխորանա՝ ընդգրկելով ոստիկանության գործունեության նոր բնագավառներ:
Նա հատկապես կարևորել է դեսպանության աջակցությունը ոստիկանության որդեգրած բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի ոստիկանության արդիականացմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը:
Քրեյգ Գոլդշտեյնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին շնորհավորել է Արա Ֆիդանյանին՝ նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ ոստիկանության համագործակցությունը միշտ եղել է ակտիվ, գործնական և արդյունավետ:
Հանդիպման ընթացքում խոսվել է դեսպանության անվտանգության աշխատակիցների և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների առավել սերտ փոխգործակցության կազմակերպման մասին, նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։