Նոր եթերաշրջանում «Առաջինի» նոր հաղորդաշարերից մեկի նկարահանումից առաջ տաղավարում խնկաբույր է տարածվել:
Հրաչուհի Ութմազյան («Առանց թեմայի» նախագծի հաղորդավար) - Այդպիսի սովորություն ունեմ ես, միշտ նոր տաղավար կամ ինչ-որ նոր տարածք մտնելիս խունկ եմ վառում, որ միշտ լավ էներգիա լինի, նաև էս շրջանում օդը մաքրվում է վիրուսներից:
Դրական էներգիան պետք է, որ Հանրայինի նոր՝ հարցազրուցային ձևաչափի ուշ գիշերային հաղորդման տաղավարում հյուրերը անկեղծանան ու խոսեն բոլոր թեմաներից:
Հրաչուհի Ութմազյան - Առաջին ալիքի նոր եթերաշրջանում ուղիղ կեսգիշերին գուցե մտորումների առիթ պետք է դառնան հանդիպումները շատ տարբեր ոլորտի մարդկանց հետ, ում մասին քիչ ենք խոսում:
«Առանց թեմայի», բայց բոլոր թեմաները ներառող հաղորդաշարին Հանրայինի հեռուստադիտողը կհանդիպի երկուշաբթիից հինգշաբթի՝ ուղիղ կեսգիշերին: Այստեղ են խոստանում օրվա ամենահետաքրքիր ավարտը:
Օրը դրականով ավարտեցի՞ք, հաջորդ օրն էլ պետք է նույն կերպ մեկնարկել: Իսկ ձեր առավոտները դրական ու լուսավոր կդարձնի Հանրայինի առավոտյան ծրագիրը՝ «Առավոտ լուսոն»:
Աննա Գալստյան («Առավոտ լուսոյի» պրոդյուսեր) - Նորությունները սպասվում են տաղավարից առաջին հերթին: Մենք փոփոխում ենք տաղավարը, ավելի վառ են գույները, տեսնում եք: Տաղավարը կլինի նոր, թարմ, շնչող առավոտյան գույներով: Նորություններ կլինեն նաև մեր տեսանյութերում:
Առավոտյան 8.30-ից մինչև 11.15 րոպե «Առավոտ լուսոն» կլինի եթերում, կխոսի ամենատարբեր թեմաներից, ձեզ հետ կբացահայտի, կսովորեցնի, կթարմացնի ու կդառնա ձեր օրվա լավագույն մեկնարկը:
Արտակարգ դրության ձեր արտակարգ երեկոները բարձրակարգ երաժշտությամբ լցրած «Արտակարգ համերգը» կշարունակի իր գործը:
Անուշիկ Տեր-Ղուկասյան - Հաշվի առնելով հանգամանքը, որ այդ ընթացքւմ շատ երգիչներ երկրում չէին և հնարավորություն էլ չունեին երկիր վերադառնալու, և քանի որ շատ դրական խոսքեր լսեցինք, որովհետև հեռուստադիտողն իսկապես շատ էր սիրել ձևաչափը, որոշեցինք նոր եթերաշրջանում վերսկսել «Արտակարգ համերգների» շարքը:
Ինտելեկտուալ խաղերի սիրահարների համար էլ Առաջինի նոր եթերաշրջանում անակնկալներ են սպասում:
Դավիթ Ծերունյան - Յուրաքանչյուր տարի Առաջին ալիքը փորձում է իր հեռուստադիտողին ներկայացնել նաև հայտնի միջազգային ձևաչափեր: Այս եթերաշրջանը բացառություն չէ, շատ բան չեմ կարող ասել, միայն կնշեմ, որ BBC-ի հետ համագործակցության արդյունքն է:
Եթերում խոհանոցային յուրատեսակ ճամփորդությունը կշարունակի ու իր հետ միասին եփել-թափելու կկանչի Սարգիս Մկրտչյանի «Պատրաստենք միասին» հաղորդաշարը:
Հիսուն տարի եթերում. Առաջինի ամենաերկարակյաց երաժշտական հաղորդումն ու ամենաերկարակյաց հաղորդավարներից մեկը՝ Սուսաննա Շահինյանը, կշարունակի ընթերցել ձեր նամակներն ու ներկայացնել երաժշտությունը:
Հաղորդակից դարձնելով մարդկային ճակատագրերին ու պատմությանը՝ «Սպասիր ինձ» մասշտաբային հեռուստանախագիծը կշարունակի եթեր հեռարձակվել նոր եթերաշրջանում:
Հետխորհրդային շրջանի հայկական չտեսնված ֆիլմերը, որ անծանոթ են մնացել հեռուստադիտողին, ձեզ համար կշարունակի բացահայտել ու ներկայացնել «Չտեսնված կինո» հաղորդաշարը:
Համավարակի պատճառով չկայացավ 2020-ի մայիսին նախատեսված «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որին մասնակցելու էր նաև մեր պատվիրակությունը:
Դավիթ Ծերունյան - Դա կազմակերպիչներին չկանգնեցրեց: Նրանք խոստացել են, որ թե՛ «Մանկական Եվրատեսիլն» այս տարվա, թե՛ մեծերինը մյուս տարի տեղի են ունենալու: Հանրայինն էլ արդեն հաստատել է իր մասնակցությունը:
Երաժշտական, գունագեղ ու հագեցած եթեր, ժամանցային հետաքրքիր ու ինտելեկտուալ հաղորդումներ, հուզիչ ու ոգևորող, թարմացնող ու վերականգնող նախագծերի պակաս Առաջին ալիքի նոր եթերաշրջանում չի լինի։