Տիգրան Ղալայանն ավարտել է զինծառայությունը, կրթությունը շարունակելու որոշում կայացրել: Վանաձորցի երիտասարդն ընտրել է կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն մասնագիտությունը: Տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող է:
Տիգրան Ղալայան (ՀՊՏՀ ուսանող) - Քանի որ կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն մասնագիտությունն ակտուալ է, հետագա զարգացումն ապահովելու տեսանկյունից որոշեցի շարունակել էդ ուղղությամբ:
Ապագա մասնագետը սովորում է վճարովի: Տարեկան վարձը 700 հազար դրամ է: Ուսմանը զուգահեռ նաև աշխատում է: Դիմել է՝ օգտվելու Կառավարության սահմանած հարկային արտոնությունից:
Տիգրան Ղալայան - Այն կարող է զգալիորեն թեթևացնել ուսման վճարի բեռը, այսինքն՝ զգալիորեն նվազեցնում է վարձը եկամտահարկի փոխհատուցման միջոցով՝ մոտ 70 տոկոսով:
Նախաձեռնությունն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցինն ու Սիսակ Գաբրիելյանինն է: Հունիսին ընդունած գործադիրի որոշումն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 1-ից:
Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Փորձեցինք նոր մոդել առաջարկել, որը, իմ կարծիքով, իսկապես հեղափոխական մոտեցում էր, ասել, որ, եթե դու ցանկություն ունես սովորելու, բայց, օրինակ՝ գումարի համար որոշակիորեն նեղվում ես, դու կարող ես ընդունվել այս մասնագիտություններով, սովորել, ավարտելուց հետո 1-ին կուրսի, կամ դիպլոմը ստանալուց հետո պետությունը կփոխհատուցի քո ուսման վարձը՝ քո եկամտահարկի չափով:
Կրթական գերատեսչությունն աշխատել է գործընկեր նախարարությունների հետ, ուսումնասիրել աշխատաշուկան, կազմել մասնագիտությունների ցանկը:
Էդգար Ալեքսանյան (ՀՀ ԿԳՄՍ մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետ) - Գերակշիռ մասը եղել է բնագիտական և տեխնիկական մասնագիտությունները, շեշտը դրվել է նրա համար, որ հիմնականում եղել է խրախուսանքի միջոց էդ ոլորտի մասնագիտությունների համար:
Եկամտահարկով կփոխհատուցվի բուհերի մոտ 60 մասնագիտության գծով սովորողների ուսման վարձը: Բնագիտական, IT ուղղություններից մինչև ճարտարապետություն, դիզայն, սոցաշխատանք, զբոսաշրջություն. դեղագիտություն, անեսթեզիոլոգիա, ռեանիմատոլոգիա՝ 23 մասնագիտություն միայն բժշկության ոլորտից է:
Սիսակ Գաբրիելյան - Մոտավոր հաշվարկով, եթե միջինում 150-200 հազար դրամ աշխատավարձ կլինի, դա տարեկան եկամտահարկը կկազմի 400-600 հազար դրամի չափով, կբավարարի վարձի ամբողջական փոխհատուցմանը:
Հույս ունեն, որ տարեկան մոտ հազար ուսանող կօգտվի արտոնությունից: Մասնագիտությունների ցանկում հետագայում հնարավոր է լրացումներ արվեն: Եկամտահարկը կվերադարձվի ուսումնական տարվա ավարտին: