Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ հարձակումների է ենթարկվել պատերազմում զոհված զինվորականներին ծաղրելու համար: Սպիտակ տան ղեկավարը նրանց անվանել է «անհաջողակներ»՝ տեղեկացնում է Al Jazeera-ն:
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը չի համապատասխանում երկրի գերագույն գլխավոր հրամանատարի դերին: Բայդենի խոսքով՝ ինքը խիստ հիասթափված է, քանի որ Թրամփի նման ղեկավար չի տեսել իր ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում:
Դոնալդ Թրամփի ծաղրի մասին առաջինը գրել էր The Atlantic magazine պարբերականը, այնուհետև՝ The Associated Press գործակալությունը:
Սպիտակ տան ղեկավարը հերքել է մեղադրանքն ու նշել, որ լուրերը կեղծ են:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահը հրաժարվել էր այցելել ամերիկացի զինվորականների գերեզմանատուն՝ պատճառաբանելով, որ այն լի է անհաջողակներով: