Ավտոբուսներից և միկրոավտոբուսներից օգտվելիս ուղևորը պետք է լինի դիմակով, պարտադիր ախտահանի ձեռքերը, ունենա մանրադրամ։ Միկրոավտոբուսներում արգելված է կանգնած ուղևորների փոխադրումը, նաև՝ թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի չափը: Ամեն անգամ տրանսպորտն ստուգելիս պարետի այս ցուցումները բարձրաձայն հնչում են:
Այսօրվանից անցնում են խստացված ստուգումների, Գյումրիում կենտրոնական մի քանի հենակետ է առանձնացված։ Հայուհու հրապարակում ստուգում են ոչ միայն միջքաղաքային, այլև միջմարզային երթուղու տրանսպորտը։ Հացիկ գյուղի ավտոբուս են բարձրանում, ամեն ինչ կարգին է, բայց ևս մեկ անգամ զգուշացնում են:
Ընդհանուր պատկերը գոհացնող է, խախտումները նվազել են, վարորդներն էլ, ուղևորներն էլ ավելի պարտաճանաչ են դարձել։ Այս ամենին հասնելու համար երկարատև ու հետևողական խիստ աշխատանք էր պահանջվում,- ասում են տեսչությունից։
Արտեմ Գասպարյան, ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային տեսչության Շիրակի մարզային մասնագետ - Օգոստոսից ավելացել է շարժը, բայց գերբեռնված չի հայտնվել։ Հիմնականում դիմակ կրելու հետ կապված էր խախտումը:
Խախտումները նվազել են, բայց չեն վերացել: Արձանագրություններ դեռ կազմում են: Արձանագրումներ կազմեցին նաև պետավտոտեսուչները, պարզվեց, որոշ վարորդեր վկայականը մոռացել են տանը:
Լյովա Սիմոնյան, Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ - Ուղևորներին իջեցրին: Ով շտապում էր, ճանապարհեցին տաքսիով, մյուսներն սպասեցին հաջորդ 14 համարին: Գյումրիում երկու միկրոավտոբուս տարան տուգանային հրապարակ։ Վարորդներին խոստացան՝ մեքենաները կարող են վերցնել, հենց բերեն վարորդական իրավունքի վկայականները։