Գյումրին նշում է քաղաքի օրը։ Երկրորդ քաղաքում առցանց միջոցառումներն ու համերգային ծրագրերը կշարունակվեն մինչև ուշ գիշեր։ Համավարակով պայմանավորված՝ Գյումրին պաշտոնական հյուրեր չի ունեցել, միջոցառումները եղել են սակավամարդ, սակայն Գյումրիում մի քանի տեղ կարմիր ժապավեն են կտրել։ Վեց ընտանիք նոր բնակարան է ստացել, պաշտոնապես բացվել են Գյումրի քաղաքի կենտրոնական գրադարանը, Գյումրու պատմության թանգարանը, մարզական, արվեստի կենտրոններ և Մայր Հայաստան նորոգված հուշահամալիրը։
Պաշտոնական բացումների մեկնարկը տրվեց Անի թաղամասից։ Այստեղ սոցիալական բնակարանների հանձնման հանդիսավոր արարողություն էր։ Վերջին հեղեղումներից էապես տուժած վեց ընտանիք էր այսօրվա նոր բնակարանի շահառու։ Ավելի քան 30 տարի տնակում ապրելուց հետո ավագանու որոշմամբ նրանց բնակարան հատկացվեց Անի թաղամասում։ Բնակարանները կառուցվել են Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ գործակցության շնորհիվ։
Կարմիր ժապավեն կտրեցին նաև Գյումրու Լազոյի փողոցում։ Պաշտոնապես բացվեց ծանրամարտի նոր դպրոց Գյումրիում, որը կրում է Յուրի Վարդանյանի անունը։ Ժապավեն կտրելու պատիվը լեգենդար ծանրորդի մորը տրվեց։ Մինչև հաջորդ տարի, կլինի նաև ծանրորդի կիսանդրին: Նոր մարզադպրոցի կառուցումը հարգանիքի տուրք էր Յուրի Վարդանյանին, նման դպրոցի կառուցումը միասին էին պլանավորել,- ասաց Սամվել Բալասանյանը։ Դպրոցն արդեն գործում է, կարճ ժամանակում սաների թիվն այստեղ կրկնապատկվել է։ Ինտենսիվ պարապմունքներ են սկսել, և պատրաստվում են մրցումների։ Խոստանում են, շատ շուտ լսելի կդառնա Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցի անունը։
Գյումրիում վերաշահագործվեց Մայր Հայաստան հուշահամալիրը։ 70-ականներին կառուցված համալիրն այս տարի առաջին անգամ նորոգվեց պետբյուջեի և համայնքի միջոցներով։ 8 միլիոն դրամի համաֆինանսավորման ծրագիրը մեկնարկել էր վաղ գարնանը, այսօր վերաշահագործվեց։
Պաշտոնապես բացվեց նաև Գյումրու պատմության թանգարանը։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի խոսքով` հայտնի պատճառով զանգվածային միջոցառումներ Գյումրիում այսօր նախատեսված չեն, բայց Գյումրին, քաղաքի հյուրերն այսօր լավ նվերներ են ստացել։ Հին Ալեքպոլյան իրեր, գտածոներ, սպասք, նկարներ, ցուցանմուշներ․․․ այն ամենը, ինչ բնորոշում է Գյումրին, կենցաղն ու սովորությունները, տեղ են գտել Գյումրի քաղաքի պատմության թանգարանում։
Տոնն այս անգամ կրում է «Իմ սեր, Գյումրի» խորագիրը: Տոնի առիթով այս տարի Գյումրին հանդես է գալիս խաղաղության ու սիրո յուրօրինակ կոչով,- ասում է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատուն։
Պաշտոնապես վերաբացվեց Գյումրու քաղաքային գրադարանը։ Լուսավոր ու ընդարձակ ընթերցասրահներով, առանձին գրապահոցով ու սպասարկման սրահով քաղաքային գրադարանում արդեն մի քանի օր ընդունում են գրքասերներին։ Իսկ հարակից բացվեց նկարչական ցուցասրահ։ Գյումրեցի նկարիչների վրձնած կտավները մեկտեղում են, ցուցասրահն անվճար է, վաղվանից կհուրընկալի նաև զբոսաշրջիկների։