Գյումրու օրվա միջոցառումները շարունակվում են, որի շրջանակներում բացվեց Գյումրու պատմության թանգարանը, որտեղ ցուցադրվում են հին ալեքպոլյան գտածոներ, ցուցանմուշներ:
Բացվեց նաև գյումրեցի նկարիչների ցուցասրահը, այնուհետև վերաբացվելու է Գյումրու քաղաքային կենտրոնական գրադարանը:
Միջոցառման ներկա են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որոնց ներկայացվեցին թանգարանային ցուցանմուշները:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասաց, որ բոլորիս հայտնի պատճառներով զանգվածային մեծ միջոցառումներ չեն նախատեսվել այս տարի, բայց «Գյումրին, քաղաքի հյուրերը լավ նվերներ ստացան»՝ ի դեմս Մայր Հայաստան հուշահամալիրի:
«Բավական կարևոր նվերներ են: Վստահ եմ՝ սրանք լինելու են այն անկյունները, որտեղ թե՛ քաղաքի բնակիչները, թե՛ մեր հյուրերը իրենց լավ են զգալու՝ վայելելով այն էներգետիկան, որը, ըստ էության, միշտ յուրահատուկ է եղել և որով Գյումրին գրավել է: Այդ էներգետիկայի հիմքը այստեղ է, այսինքն՝ կարելի է տեսնել, թե որտեղ, ինչ պայմաններում և միջավայրում ինչ պատմական հենքերով է զարգացել քաղաքը:
Այս նույն ցուցանմուշները, վստահաբար, կզարդարեին աշխարհի որևէ երկրի սրահ: Այն պատմական ժառանգությունը, որն այս քաղաքը ունի, որը դեռևս ռեալիզացված չէ, այս թանգարանը նաև դրա սիմվոլներից է»,- ասաց մարզպետը: