Այսօր հանրապետության երկրորդ քաղաքում տոն է՝ նշվում է Գյումրի քաղաքի օրը:
«Առաջին ալիքը» պարբերաբար հեռարձակումներ կունենա, կցուցադրի, թե ինչպես են քաղաքում տոնում Գյումրու օրը:
«ԱՌԴԱ» բարեգործական կազմակերպության և Գյումրու համայնքապետարանի համատեղ ֆինանսավորմամբ կառուցված և շահագործման հանձնված նորակառույց շենքերից մեկի բակում տեղի ունեցավ բնակարանների բաշխման արարողություն: Բնակարաններ հանձնվեցին տնակներում ապրող վեց ընտանիքների, որոնք հատկապես տուժել էին վերջին հեղեղումներից:
«Բարով վայելեք, ժողովո՛ւրդ ջան: Զարմանալի է, բայց Գյումրիի քաղաքապետարանը նույնիսկ շենք կառուցեց «ԱՌԴԱ» բարեգործական կազմակերպության հետ: Մենք այսօր 41 բնակարան ենք կառուցել»,- ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Նրա խոսքով՝ մոտակայքում կառուցվելու է Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցը, այնպես որ, բնակիչները բնակվելու են «իդեալական տարբերակում»:
Բնակարանատերերին շնորհավորեց նաև Շիրակի փոխմարզպետը: