Արցախի հերոսներից երկուսի՝ Արմենակ Ուրֆանյանի ու Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերին յուղ են քսել: Սա արդեն երկրորդ դեպքն է...
Թե գիշերն ով է Եռաբլուրում եղել, կամ ինչ նպատակով է արվել՝ կպարզի քննությունը: Ուրֆանյանի մայրը համոզված է՝ շիրմաքարերը մտածված պղծել են:
Համեստ Ներսիսյան (Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը) - Ամեն անգամ գալիս եմ, շիրմաքարերը սրբում եմ, նորմալ ա, բայց էս անգամ չհասկացա՝ ինչ են դրանով ուզում ասել: Առանձին արված ա հենց երկու արցախյան հերոսների շիրմաքարերին:
Հերոսի մայրը՝ տիկին Համեստը, որ առավոտյան է դեպքի մասին իմացել, կատարվածը դիտավորություն է համարում: Ինքը չուզենալով, բայց կատարվածին այլ անուն է տալիս՝ պղծում, միաժամանակ բացառում անուշադրությունը:
Համեստ Ներսիսյան - Մի հատ նայեք, մենք բերել ենք, քարը մաքրել ենք, գեղեցիկ հարթացրել ենք. Էս կողմը, մեկ էլ ճակատի վրա երկու հատ, իսկ Աբաջյան Ռոբերտինը՝ ես առավոտ էլի մաքրել եմ՝ էսքան մասը մինչև ճակատի մասով էկել ա, յուղի հոտն էլ գալիս ա:
Տարածքը մաքրող կանայք այլ վարկած ունեն, ասում են՝ շիրմաքարերին հայտնվածը ոչ թե յուղ է, այլ շրթներկի հետք: Իրենք մոմի հոտ են առնում, բայց ոչ թե քարից, այլ տարածքից: Վստահեցնում են՝ իրենք վաղ առավոտյան տարածքը մաքրել ու քարերի վրա ոչինչ չեն տեսել:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ու քրեական հետախուզության բաժանմունքի քննիչները Եռաբլուրում մի քանի ժամ աշխատեցին, մաքրուհիներին լսեցին ու արձանագրություն կազմեցին:
Վստահեցրեցին՝ տարածքը, որը հսկվում է տեսախցիկներով, տեսագրությունը կնայեն ու հայտարարություն կտարածեն: