Սոցիալական անվտանգության բոլոր պարտադիր միջոցառումները երաժշտասերներն անցնում են «Տրավիատայի» սպասումով: Գրեթե կես տարվա կատարյալ լռությունից հետո ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբն ու «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը «Տրավիատայի» համերգային կատարումով ազդարարում են երաժշտական համերգաշրջանի բացումը:
Խորհրդարանի այգին վերածվել է բացօթյա գեղեցիկ համերգասրահի. սոցիալական անվտանգության պահանջներից ելնելով` տեղերը սահմանափակ են, տոմսերն էլ սպառվել էին համերգից մի քանի օր առաջ: Մեծամասշտաբ երաժշտական նախագիծը բարեգործական է. համերգի ամբողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերականգնմանը: Մշակույթի փոխնախարարն ընդգծում է՝ սա ոչ միայն ֆինանսական, այլև հոգևոր զորակցություն է աղետյալ Բեյրութին:
Վերդիի օպերային գլուխգործոցի համերգային նախագծի մասին Էդուարդ Թոփչյանը վաղուց էր մտածում: Բարեբախտաբար, Երևանում էին և՛ Լիանա Ալեքսանյանը, և՛ Լիպարիտ Ավետիսյանը: Երբ ամբողջացավ ստեղծագործական կազմը, Բելառուսից հրավիրեցին նաև Իլյա Սիլչուկովին: Բարեգործական նախաձեռնությանն է միացել նաև ՀԲԸՄ-ն:
Վերդիի սրտառուչ սիրո պատմության հնչյուններն Ազգային ժողովի բակից տարածվում են դեպի մայրաքաղաքի տարբեր հատվածներ՝ ազդարարելով, որ տևական հարկադիր պարապուրդից հետո Երևանում մշակութային կյանքն աստիճանաբար բնականոն հուն է վերադառնում: