Օգոստոսի 31-ից Վերին Լարսում մնացած Հայաստանի 24 քաղաքացիներից երեքն այսօր վերադառնում են Երևան՝ չարտերային չվերթով։
«Լուրերի» հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը հայտնեց՝ ավիատոմսի ծախսը հոգացել է գլխավոր հյուպատոսը՝ հաշվի առնելով նրանցից մեկի հաշմանդամություն ունենալու խնդիրը։ Փոխարենն առայժմ անորոշ է մնում մյուս 21 հոգու ճակատագիրը, որոնք արդեն 6 օր է՝ ապրում են մաքսատնից 10 կմ հեռու՝ մի բնակավայրին հարակից բենզալցակայանի տարածքում։ 12 մեքենայով են՝ հիմնականում ընտանիքներով, որոնց մեջ նաև 2 անչափահաս կա՝ «Լուրերին» պատմել է Լարսում գտնվող տղամարդկանցից մեկը։
Հյուպատոսարանից առաջարկել են սեփական միջոցներով ինքնաթիռի տոմս գնել, իրերն էլ՝ առանձին՝ բեռնատարներով ուղարկել։ Խոստացել են օգնել ամրագրման հարցում, բայց քաղաքացու պնդմամբ՝ սահմանին գտնվողներից ոչ ոք ֆինանսական այդպիսի հնարավորություն չունի։ Ասում է՝ հասել են Լարս, քանի որ լսել էին, թե ռուս-վրացական սահմանը բացվում է։
Դեսպանությունն էլ, արտաքին գործերի նախարարությունն էլ տեղյակ են այս քաղաքացիների մասին՝ ասում է մաքսային կցորդ Արամ Թանանյանն ու հիշեցնում, որ մարդասիրական ուղևորափոխադրումներ այլևս չեն կատարվում։ Պաշտոնյան հորդորում է ռուսաստանաբնակ հայերին իրերը չկապել ու մեքենայով գալ հասել սահման, քանի որ Ռուսաստանից Հայաստան ցամաքային ճանապարհով վերադառնալ առայժմ հնարավոր չէ։
Թանանյանն ասում է՝ ամեն օր բազմաթիվ զանգեր է ստանում, Հայաստան վերադառնալ ցանկացողները շատ են, բայց միակ տարբերակն այս պահին օդայինն է, ցամաքայինի մասին անգամ խոսակցություն դեռ չկա։