Մայոր, գնդապետ ու գեներալ շարային երթով, նվագախմբի ուղեկցությամբ ու տոնական համազգեստով օրն սկսում են Ազատության հրապարակից, հետո քայլում մայրաքաղաքի փողոցներով: Օդում, ջրում ու ցամաքում պայքարող, կյանքի ու մահվան հանգույցում կռիվ տվող մեր փրկարարները նշում են իրենց մասնագիտական տոնը:
29 տարի առաջ հենց այս օրն ստեղծվեց արագ արձագանքման փրկարարական ջոկատը: Տարիների ընթացքում համակարգը կատարելագործվել, բայց աշխատանքի բնույթը չի փոխվել: Փրկարար լինելը դժվար, բայց հետաքրիր ու պատվաբեր աշխատանք է, վստահեցնում են տղաները:
Ամենահումանիտար ուժային կառույցի բոլոր աշխատակիցներն առավոտից շնորհավորանքներ են ստանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փրկարարներին, մասնագիտական օրվա կապակցությամբ, մաղթել է անփորձանք ծառայություն:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Դուք մասնագիտության բերումով մշտապես գտնվում եք արտակարգ դեպքերի, իրավիճակների կիզակետում, անձնվեր աշխատանքով կառավարում այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել լրջագույն աղետների առաջ»:
Փրկարարը հերոս է, և վերջ. այսպես է իր ղեկավարած կառույցի բոլոր աշխատակիցներին դիմել նախարարը: Ֆելիքս Ցոլակյանն իր ուղերձում նաև հիշեցրել է, որ արտակարգ իրավիճակների նախարարության յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, փրկարար է:
Ֆելիքս Ցոլակյան, ՀՀ ԱԻ նախարար - Չնայած համազգեստ կրելուն և զինվորական կարգով ծառայությանը, փրկարարն իրականացնում է բացառապես հումանիտար գործառույթներ՝ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը, կյանքեր է փրկում: Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը ժողովրդի ու պետության նկատմամբ:
«Մեր կողքին իսկական հերոսներ են». քաղաքապետ Հայկ Մարությանի ձևակերպումն է: Պատասխանատու և նվիրված աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով փրկարարներին՝ քաղաքապետը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին:
Հայկ Մարության, Երևանի քաղաքապետ - Տեսնելով այն աշխատանքը, այն նվիրվածությունը, ամենադժվար պահին սեփական կյանքի մասին չմտածելու հանգամանքը, չի կարող մարդը չգիտակցել, որ այդ պահին իր կողքին իսկական հերոսներ են կանգնած: Մենք մեր բնակիչների անվտանգությունն ենք ապահովում: Եվ այս համագործակցությունն ու համատեղ աշխատանքների ճիշտ կազմակերպումը նաև իր ապացույցը բերեց վերջերս Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթունի ժամանակ:
Փրկարար կառույցում վստահ են՝ իրենք ունակ են օգնություն ցուցաբերել ոչ միայն Հայաստանին, այլև վտանգի ու դժբախտության մեջ գտնվող բարեկամ երկրներին: