ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Վայքի ինքնահոս ոռոգման համակարգով 2019 թ. մատակարարված ջրի հայտերի, փաստացի մատակարարված ջրաքանակների, փաստացի ոռոգված հողատարածքների և համակարգի կորուստների վերաբերյալ Ջրային կոմիտեից ստացված փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայքի տարածաշրջանի հողերի ոռոգման նպատակով ոռոգման շրջանում և Արփա գետի բնապահպանական թողքը ապահովելու նպատակով ամբողջ տարին Կեչուտի ջրամբարից ջրի բացթողումն իրականացվում է «Եղեգնաձոր» ՋՕ ընկերության ներկայացրած հայտերի հիման վրա՝ Կառավարության որոշմամբ վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով պատկանող Վայքի ինքնահոս համակարգի միջոցով:
Ըստ Ջրային կոմիտեի իրականացրած ուսումնասիրության՝ նշված տարածաշրջանի պայմանագրային ոռոգելի հողատարածքները կազմում են 411.5 հա:
Ըստ 2019 թ. մատակարարված ջրի հայտերի՝ 1 հա-ին մատակարարված ջրի միջին ծավալը կազմում է 10449 խոր. մ, մինչդեռ, ըստ մատակարարված ջրի ցուցանիշների, բաժանորդներին 1 հա-ի համար փաստացի մատակարարված ջրի միջին ծավալը կազմել է 3170 խոր. մ: Այսինքն՝ փաստացի 1 հա հողատարածքի համար մատակարարված ջրի քանակը 7279 խոր. մ-ով կամ 3.3 անգամ գերազանցել է 1 հա-ի համար բաժանորդների՝ հայտով ներկայացված ջրաքանակը:
Ջրային կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ 1 խոր. մ ոռոգման ջրի արժեքը կազմում է 11 ՀՀ դրամ, իսկ համակարգի կորուստը՝ 36.7%։
Այսինքն՝ հայտով ներկայացված և մատակարարված ջրից համակարգի կորստի և բաժանորդներին փաստացի մատակարարված ջրի հանրագումարը հանելու դեպքում, ընկերությունը նշված ոռոգելի ողջ հողատարածքի հաշվարկով անհիմն կրել է 4.739.000 խոր. մ ջրի կորուստ, որը արժեքային արտահայտությամբ կազմում է 52.129.000 ՀՀ դրամ։
Ըստ ՀՀ կառավարության 2002 թ. դեկտեմբերի 26-ի որոշման՝ ջրամատակարարը պարտավոր է հաշվառել ջրաղբյուրից իր կողմից իրականացված ջրառի, յուրաքանչյուր ջրօգտագործողին (բաժանորդին) մատակարարված ջրի ծավալի, դրա դիմաց վճարման ենթակա գումարի, վճարված գումարի և պարտքի չափերը: Իսկ ջրօգտագործողին (բաժանորդին) ջրի մատակարարումն իրականացվում է ըստ պայմանագրի՝ դրա անբաժանելի մասը կազմող ջրօգտագործման պլան-ժամանակացույցի և հայտի:
Այսինքն՝ ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ջրամատակարարի կողմից փաստացի ներկայացվել է պահանջարկը 3,3 անգամ գերազանցող ջրի հայտ, իրականացվել ենթադրյալ ապօրինի, այսինքն առանց պայմանագրի ջրի մատակարարում:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ընկերության պաշտոնատար անձի կողմից իր կարգադրիչ լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու՝ ջրօգտագործողներին մատակարարված ջրի ծավալի, դրա դիմաց վճարման ենթակա գումարի, վճարված գումարի և պարտքի չափերի չհաշվառման, ջրային պաշարները արդյունավետ և խնայողաբար չօգտագործելու, ջրամատակարարումը թերի կառավարելու, ինչպես նաև ջրերը նպատակային ու արդյունավետ չօգտագործելու, իրականացված ծառայությունների դիմաց գումարներ չգանձելու արդյունքում ընկերության և պետության իրավունքների ու օրինական շահերի խախտման, դրա հետևանով 4.739.000 խոր. մ ջրի կորուստ՝ 52129000 ՀՀ դրամի վնաս առաջացնելու վերաբերյալ առերոևույթ տվյալներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: