Մեկդարյա պատմություն ունեցող թեմին շնորհավորելու և թեմակալ առաջնորդին երախտիքի խոսքն ուղղելու համար Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետի խորհրդականն ու օգնականը այցելել են Շիրակի թեմ։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից:
Մարզպետը, շնորհավորելով թեմակալ առաջնորդին, ընդգծել է, որ եկեղեցին այն կարևորագույն հենասյուներից է, որով ամուր է մեր պետականությունը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ նշել է, որ այս բարդ և դժվարին տարում շատ կարևոր է պատկան մարմինների ուշադրությունն ու համագործակցությունը։
Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը ստեղծվել է 1920 թվականի սեպտեմբերի 4-ին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոնդակով։ Սկզբնական շրջանում թեմն ընդգրկում էր այժմյան Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը, ինչպես նաև Արագածոտնի մարզի որոշ շրջաններ։
Նույն թվականի նոյեմբերի 5-ին կաթողիկոսը Ալեքսանդրապոլի փոխանորդ Արտակ վարդապետ Սմբատյանին նշանակում է Շիրակի թեմի առաջին առաջնորդ։
Թեմի առաջնորդությունը հաջորդաբար վարել են Արտակ եպիսկոպոս Սմբատյանը, Աշոտ եպիսկոպոս Շախյանը և Իսահակ եպիսկոպոս Տեր-Միքայելյանը։
Խորհրդային իշխանության կողմից եկեղեցահալած քաղաքականության հետևանքով 1938 թվականին Շիրակի թեմում բաց էր մնացել միայն առաջնորդանիստ Յոթվերք եկեղեցին։
1990 թվականին թեմից անջատվեցին Տավուշն ու Լոռու մի հատվածը, իսկ 1996 թվականից ի վեր Շիրակի թեմը սահմանափակվեց միայն Շիրակի մարզի տարածքով։
1999 թվականին Գարեգին Բ կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ նշանակվեց Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանը։ Վերջինս 2001 թվականին ձեռնադրվեց եպիսկոպոս և հաստատվեց որպես Շիրակի թեմի առաջնորդ։
Առաջնորդը խորին շնորհակալություն է հայտնել մարզային իշխանություններին՝ կարևորելու և այս պատմական օրը ևս մեկ անգամ արժևորելու համար։