ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քննադատեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների նախագծերն ու դրանց կից փաթեթը:
Ըստ նրա՝ նախագծերի ընդունման դեպքում պարզ չէ՝ Հայաստանի սահմանները բացվելու են թե ոչ:
Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ նախագծերը խնդիրներ են առաջացնելու: «Մարդու իրավունքների բազմաթիվ սահմանափակումներ կան: Չի կարող գործադիրը, քաղաքապետը, մարզպետը կամ լիազոր ներկայացուցիչն իր որոշմամբ սահմանափակել քաղաքացու իրավունքը»,- ասաց Զոհրաբյանը:
Նա բարձրացրեց ներկայացվող փաթեթում 11 նոր վարչական իրավախախտում սահմանելու և դրանց դեպքում տուգանք կիրառելու խնդիրը: «Այս նախագիծն այս վիճակով առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ, և մենք ավելի ենք բարդացնելու ՀՀ քաղաքացու վիճակը»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ նախագծերը վերանայելու անհրաժեշտություն կա: