Երևան-Գորիս-Երևան մոտ 500 կմ է, ի՞նչ է 25 հազար դրամ պետք է տա, որ տաքսին ասֆալտով քշի: Եվ հետո այդ փողն էլ հաճախորդից ուզի, e-draft-ում բողոքել է վարորդներից մեկը: Գրությունը Հայաստանում ճանապարհային վճար սահմանող նախագծի տակ է: Իզուր են «դեմ» ձայները «կողմ»-ից շատ: «Ճանապարհ ես ուզում անցնել՝ փող տուր» սկզբունքը վերաբերելու է միայն և միայն մեծ մեքենաներին: Որևէ մարդատարից գումար չի պահանջվի՝ մարդկանց վստահեցնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը:
Արմեն Սիմոնյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Դա վերաբերում է 12 տոննա և ավելի առավելագույն բեռ ունեցող բեռնատարներին, որոնք տնտեսական գործունեություն են իրականացնելու, և ֆիզանձանց, ում մեքենան 12 տոննայից ավելի է...
Համաձայն նախագծի՝ 12 տոննայից ծանր մեքենան՝ անկախ հանգամանքից՝ հայկական է թե, օրինակ, Ռուսաստանից է բեռ բերում, հանրապետության ճանապարհներով անցնելիս պետք է ամեն կմ-ի համար մինչև 50 դրամ վճարի՝ եկող տարվա ամռանից: Փաթեթը Հայաստանը մշակել է Եվրամիության հետ ստորագրած համաձայնագրի հիման վրա: ՍԵՊԱ-ի մեկ այլ պահանջով՝ միջազգային փոխադրում իրականացնող մեր վարորդները հատուկ կուրս կանցնեն՝ իմանալու՝ որ պետությունում ինչ կանոններ են գործում:
Արմեն Սիմոնյան - Վարորդները պետք է անցնեն մասնագիտական դասընթաց, թեստ պետք է հանձնեն ու ստանան վկայական, ու 5 տարին մեկ էլ գնան վերապատրաստման:
Ըստ Արմեն Սիմոնյանի՝ նորություններ կան նաև մյուս բոլոր վարորդների համար: Շուտով Ազգային Ժողով կներկայացնեն մեքենայի տեխզննումը ձևականից իրական դարձնող փաթեթը: 4-ից 10 տարեկան մեքենայի դեպքում տեխզննումը պարտադիր կլինի 2 տարին մեկ, հետո՝ ամեն տարի: Բանկից կտրոն գնել այլևս պետք չի լինի:
Արմեն Սիմոնյան - Պետք կլինի անցնել զննություն, որը կլինի առնցանց, մենք դա տեսնելու ենք: Մինչև 4 տարեկան մեքենաները տեխզննում չեն անցնի:
Արդեն Ազգային ժողովում է գազաբալոնների անվտանգությունը երաշխավորող նախագիծը: Սեղմած գազով աշխատող տրանսպորտային միջոցները կստուգվեն 2 տարին մեկ:
Արմեն Սիմոնյան - Քաղաքացին իր մեքենայով պետք է գնա այն կայան, որտեղ այդ ֆունկցիան իրականացնում են և այնտեղ մոտ 300 ճնշում տալով՝ ստուգելու են, և եթե խնդիր չի լինում՝ ստանում են համապատասխան փաստաթուղթ:
Առայժմ այսքանը. վարորդներին սպասվող նորույթների շարքն ընդմիջեց Սիմոնյանը, թեպետ ասաց՝ ուրիշ նախագծեր էլ ունեն: