Այս տարվա հունվար-օգոստոսին արձանագրվել է 0.8 տոկոս գնաճ՝ 1lurer.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեից: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ սննդամթերքի շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնանկում, փոխարենը գնաճ է գրանցվել ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքի շուկայում՝ 9.9 տոկոս, իսկ հագուստն ու կոշիկը թանկացել են 2.3 տոկոսով:
«2020 թ. օգոստոսին հուլիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 3.93%: Վերը նշված ապրանքախմբերը, սպառողական զամբյուղում ունենալով 10.32% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.4 տոկոսային կետով:
2020 թ. օգոստոսին 2019 թ. օգոստոսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.9% գնանկում, իսկ 2020 թ. հուլիսի համեմատ՝ 0.8% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2020 թ. օգոստոսին 2019 թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.9% գնանկում, իսկ 2020 թ. հուլիսի համեմատ՝ 0.5% գնաճ: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020 թ. օգոստոսին 2019 թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.5% գնանկում, իսկ 2020 թ. հուլիսի համեմատ՝ 0.3% գնաճ: Ձվի գինը 2020 թ. օգոստոսին 2019 թ. օգոստոսի համեմատ նվազել է 20.7%-ով, իսկ 2020 թ. հուլիսի համեմատ գրանցվել է 2.0% գնաճ: 2020 թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի, սուրճի, թեյի և կակաոյի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնաճ, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի, յուղերի և ճարպերի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020 թ. օգոստոսին ինչպես 2019 թ. օգոստոսի համեմատ, այնպես էլ 2020 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ»,- տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն: