Եվրոպական արտադրության ի՞նչ ֆիլմեր, հեռուստասերիալներ կլինեն հանրայինի եթերում, ինչ են խոստանում մարզական, մանկապատանեկան, կրթական հաղորդումների խմբագրությունները: Սեպտեմբերի 7-ին մեկնարկում է Առաջին ալիքի նոր եթերաշրջանը:
Բաբկեն Չոբանյան - Սա նոր հեռուստասերիալ է, Լորդ է, անունը՝ Ռոբերտ:
Բաբկեն Չոբանյանը տալիս է իր հնչյունավորած հերոսի անունն ու խոստանում՝ հեռուստանովելների սիրահարներին նոր եթերաշրջանում անակնկալ է սպասվում:
Մարինե Բլբուլյան - Կինոյի աշխարհում ամենից շատ մրցանակներ ստացած «Դաունթոնի աբբայություն» սերիալը, որը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել որպես շատ մրցանակներ ստացած սերիալ:
Վեց հեռուստասեզոն ու 52 սերիա. Ֆիլմը շուտով եթերում կլինի։ Հերոսները կխոսեն Հանրայինի հեռուստադիտողին արդեն հայտնի ու հարազատ դարձած ձայներով: Ամենակարևորը՝ կատարված է սիրով:
Բաբկեն Չոբանյան - Միանշանակ, հաճելի է, որովհետև առանց հաճույքի գործ անելը դժվար է, արդյունքն էլ՝ կասկածելի: Հանրայինի եթերում վաղուց ենք աշխատում ու միշտ հաճույքով:
Նոր եթերաշրջանում Հանրայինի եթերում կլինեն նաև Եվրոպական արտադրության հեռուստասերիալներ, շարքը բացում է իտալական կինոն: Շաբաթը մի քանի օր եթերացանցում տեղ են գտնելու տարբեր ժամանակների ու ժանրերի ֆիլմեր։
Մարիաննա Ասլանյան, Հանրային հեռուստաընկերության միջազգային կապերի բաժնի պետ - Համագործակցում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների հետ: Դրանք են «Յունիվերսալը», «ՄԳՄ»-ը, «Սոնին», «Միրամաքսը»: Երաժշտական մի քանի ֆիլմ ունենք, որ ուզում եմ ասել: Մեկը՝ «Նինան», դա Նինա Սիմոնի կենսագրական ֆիլմն է: Հյուգոյի «Թշվառները»՝ մյուզիքլ տարբերակով
Փոքրիկ հեռուստադիտողի համար էլ Հանրայինն առաջարկներ ունի: Լինելու են նոր մուլտֆիլմեր ու մուլտսերիալներ:
Առաջին ալիքն առաջինն սկսեց էկրանավորել հայ դասականների գործերը։ Մեծ արձագանք ստացած «Անատոլիական պատմություն», «Քաոս», «Պատվի համար» հեռուստասերիալներին կավելանան նորերը։ Միջազգային չափանիշներով նկարահանված սեփական արտադրության սերիալները ցուցադրելու են նաև արտասահմանյան հեռուստաալիքները։
Մինչև այդ, ընթացքի մեջ է հեռուսատաֆիլմերի արտադրությունը։
Էմմա Հակոբյան, հեռուստանախագծերի պատրաստման բաժնի պետ - Կցուցադրվի Մանուկ Մնացականյանի «Երջանկության մեխանիկայի» հիման վրա և Վարդգես Քալանթարյանի «Կորած օրագիրը» ստեղծագործության հիման վրա նկարահանված հեռուստանովել: Նաև կտեսնենք Փելեշյանի, Մանսուրյանի և ամիրխանյանի մասին պատմող փաստավավերագրակն ֆիլմեր:
Միջազգային ամենահեղինակավոր ու շքեղ միջոցառումները՝ համերգներն ու մրցանակաբաշխությունները, կրկին լինելու են Առաջինի եթերում:
Մարիաննա Ասլանյան, Հանրային հեռուստաընկերության միջազգային կապերի բաժնի պետ - Այս տարի, ինչպես միշտ, ունենալու ենք «Օսկար» մրցանակաբաշխությունը. «Գրեմմին» և, ցավոք սրտի, Քովիդ-19-ի պատճառով հետաձգվեցին Օլիմպիական խաղերը, որը կցուցադրենք մյուս տարի:
Օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով ամենաշատը Հանրայինի սպորտային բաժնում են տխրել: Համավարակը խառնեց բոլոր խաղաքարերը: Չեղարկվեցին բազմաթիվ սպորտային նախագծեր ու հեռարձակումներ:
Շուշանիկ Հակոբյան - Շատ բարդացավ մեր գործը, քանի որ մենք ունեինք մեգածրագրեր: Եթերում երևի տեսաք «Ճանապարհ դեպի Տոկիո 2020» և մի քանի այլ նախագծեր, բայց կորոնավիրուսն ուղղակի թույլ չտվեց, որ շարունակենք, կապեց մեր ձեռքերը:
Մարզիկների հետ շփումը ևս սահմանափակված է, բայց սպորտ եթերում չի կարող չլինել: Հանրայինի սպորտի բաժինը գնալու է հաղթանակների, ձեռքբերումների ու ռեկորդների հետևից: Հետաքրքիր նոր մարզական հաղորդումներ սեպտեմբերից կտեսնեք նաև Հանրայինի սոցիալական հարթակներում:
Շուշանիկ Հակոբյան - Մի քանի օր առաջ հեռարձակեցինք Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղերը: Եվ որքան մեր թիմերն ավելի լավ հանդես գան, ավելի շատ կցուցադրենք: Այնուամենայնիվ, եթերում կունենանք ըմբշամարտ, ծանրամարտ, Օլիմպիական խաղեր կկայանան վերջապես:
Նոր եթերաշրջանում ԿԳՄՍ նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Մանկական լիգան» կրկին եթերում կլինի:
Պահպանելով ավանդույթներն ու ստեղծելով նորը` Առաջին ալիքը շարունակում է առաջինը ներկայացնել ամենակարևորն ու հետաքրքիրը, ստեղծել սեփականն ու ներկայացնել լավագույն արտադրանքն աշխարհից: