ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակն աշխարհում, նաև Հայաստանում ուղեկցվում է բազմաթիվ ու բազմաշերտ քաղաքական գործընթացներով: «Համավարակն էլ ուղղակի հիվանդությունից վերածվել է քաղաքական պայքարի գործիքի»,- շեշտեց Բաբաջանյանը:
Նա ասաց, որ այդ հարթությունում անհրաժեշտ է համավարակով պայմանավորված կարգավորումներին ու սահմանափակումներին վերաբերվել այլ տեսանկյունից, այլ զգուշավորությամբ: «Ոչ պակաս կարևոր են օրինագծով ներմուծվող՝ տասնյակից ավելի սահմանափակումներն ու օրինագծի իմպերատիվ ոգին: Դրանք զրկում են ներառականությունից: Քաղաքացուն դարձնում ենք ոչ թե համավարակի դեմ պայքարում պետության, մեր բոլորի դաշնակից, այլ օտարում ենք պետությունից՝ ուղերձ հղելով առ այն, որ համավարակի դեմ պայքարի կանոններին պետք է հետևել չտուգանվելու համար: Արդյունքում համավարակի սպառնալիքի դեմ հանդիման միայնակ են մնալու ինչպես քաղաքացիները, այնպես էլ պետությունը: Սա գուցե օրինագծի ամենամեծ գաղափարաբանական թերությունն է»,- շեշտեց նա: