Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Հաջեթթեփեի համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը հայտարարել է, որ Անկարայում մեծ արագությամբ ավելանում է կորոնովիրուսով հիվանդների թիվը, գրում է Ermenihaber-ը։
Նա նշել է, որ Թուրքիայի մայրաքաղաքը վերածվել է Ուհանի, այն քաղաքին Չինաստանում, որտեղից սկիզբ առավ և ամբողջ աշխարհում տարածվեց կորոնավիրուսը։
Թուրքիայում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուց հետո հունիսի սկզբից որոշակի դրական արդյունք էր գրանցվել, նկատվում էր հիվանդների թվի նվազման միտում:
Սակայն ներկայումս Թուրքիայի որոշ շրջաններում, հատկապես՝ մայրաքաղաք Անկարայում, գրանցվել է վարակվածների քանակի աննախադեպ աճ։ 1 օրում միայն այս քաղաքում արձանագրվել է 2000-ից ավել նոր դեպք։
Պրոֆեսոր Ջանքուրթարանը կարծում է, որ պետք է 10-14 օր փողոց դուրս գալու արգելք սահմանվի, հակառակ դեպքում հիվանդանոցները, որոնք արդեն ամբողջովին լեցուն են, այլևս ի վիճակի չեն լինի սպասարկել վարակվածներին։