Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը կանխվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու լոկոմոտիվային դեպոյում գտնվող էլեկտրաքարշից էլեկտրական մալուխ գողանալու փորձը:
Ոստիկանության և ընկերության անվտանգության ծառայության համատեղ ջանքերով ձերբակալվել է կասկածյալը, որը նշված դեպոյում աշխատում է որպես փականագործ:
Երկաթուղու ԱԾ աշխատակիցները կեսգիշերին մոտ դեպոյի տարածքում կասկածելի ակտիվություն են նկատել, որի մասին հայտնել են ոստիկանություն և դեպքի վայր օպերատիվ ժամանած ոստիկանների հետ համատեղ շրջափակել տարածքը:
Դեպքի վայրում հայտնաբերված անձը N1356 էլեկտրաքարշից կտրել է 22 մետրանոց բարձր լարման էլեկտրամալուխը և պատրաստվում էր այն դուրս հանել դեպոյի տարածքից:
Միջադեպի հետևանքով ընկերությունը զգալի նյութական վնաս է կրել: