«Երևանյան հեռանկարներ» միջազգային 21-րդ երաժշտական փառատոնի հանդիսավոր բացման նախաշեմին Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքում ուրույն ծրագրով սեպտեմբերի 7-ին կներկայանան «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի մեկնարկը կտրվի Տավուշի սահմանամերձ Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում՝ բացօթյա ձևաչափով: Փառատոնը, որի շրջանակում Հայաստան են ժամանում աշխարհահռչակ մենակատարներ, նվագախմբեր և երաժիշտներ, անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
«Սա իսկապես պատմական պահ է. մեծ հեղինակություն վայելող «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Տավուշի սահմանամերձ Բերդ համայնքում: Այս իրադարձությունը չի կարող չփոխել մշակույթի հանդեպ հին պատկերացումը»,- ասել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նա նաև նշել է, որ սա մշակույթի ապակենտրոնացման գաղափարը կյանքի կոչելու հարմար առիթ էր:
Փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի խոսքով՝ ներկա պայմաններում սա նաև լավ առիթ է փառատոնն անցկացնելու բացօթյա միջավայրում, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, քանի որ իրենք մշտապես դահլիճների խնդիր են ունեցել:
Էդուարդ Թոփչյանը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ փառատոնի և Ֆիլհարմոնիկի համերգաշրջանի բացումն այս տարի միասին է տեղի ունենում. «Ուրախ եմ, որ երկար լռությունից հետո կրկին հնարավորություն ունենք փառատոնի շրջանակում ելույթ ունենալ մեր սիրելի ունկնդրի համար»:
Բանախոսները կարևորել են, հատկապես, միջոցառումը հայրենիքի սահմանին իրականացնելու գաղափարը: «Փառատոնի համար մեծ պատիվ է այս ձևաչափը: Մենք աշխարհի հետ խոսում ենք մշակույթի լեզվով և ցույց ենք տալիս, որ մեր զենքը նաև մեր մշակույթն է»,- ընդգծել է Ստեփան Ռոստոմյանը:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Ծրագրում կհնչեն Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետից սյուիտ, Կոմիտաս-Ասլամազյանի մանրանվագները, օպերային հայտնի արիաներ և Պ. Ի. Չայկովսկու «Ռոկոկո թեմայով վարիացիաները»՝ գրված թավջութակի և նվագախմբի համար: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Միջոցառումը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին, մուտքն ազատ է: Համերգի ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։
Նշենք նաև, որ այսօր ՀԱՖՆ-ը և «Երևանյան հեռանկարներ» փառատոնը ՀՀ Ազգային ժողովի այգում ժամը 19:30-ին կներկայացնեն Ջուզեպե Վերդիի հայտնի օպերայի՝ ‹‹Տրավիատայի›› անմահ պատմությունը, որը կկենդանանա համաշխարհային ճանաչում ունեցող օպերային աստղերի կատարումներով՝ հաջակցություն լիբանանցիների՝ կապված վերջին իրադարձությունների հետ: