ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ այսօր ընդունել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին:
«Շնորհավորելով Արցախի Անկախության տոնի առթիվ՝ ևս մեկ անգամ վերահաստատել եմ միասնական քաղաքականությանը նպաստելու՝ ՀՀ կառավարության քաղաքականությունը, ոլորտային բարեփոխումներում Արցախի լիարժեք մասնակցությունն ապահովելու մեր հանձնառությունը:
Նախարարի հետ քննարկել ենք սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրերը, մասնավորապես, Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, հաշմանդամության գնահատման մեխանիզմների փոփոխության, ինչպես նաև սոցիալական աջակցության համակարգի վերափոխման և վերաիմաստավորման նախագծերը:
Հաճելի էր արձանագրել, որ սոցիալական ոլորտի բարեփոխման մասին պարոն Վիրաբյանի հետ նույն մոտեցումներն ենք կիսում և ունենք նույն տեսլականը»,- գրել է Բաթոյանը Ֆեյսբուքի էջում: