Սեպտեմբերի 4-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի և Շիրակի մարզի տրանսպորտի անվտանգության մասնագետները խստացված ռեժիմով վերահսկողություն են կատարել մայրաքաղաքի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում և Շիրակի մարզի տարբեր համայնքներում։
Մայրաքաղաքում շարունակվում է արձանագրվել հատկապես վերջին մի քանի շաբաթների պատկերը։ Խնդիրը հիմնականում ներքաղաքային և միջքաղաքային ավտոբուսներում և միկրոավտոբուսներում գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու դեպքերն են։ Այսօր հայտնաբերվել են մեկ տասնյակի հասնող գերբեռնված տրանսպորտային միջոցներ, որի հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Գյումրի քաղաքում ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում մարդատար տաքսի ավտոմոբիլներում, միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երկու օր շարունակ ուժեղացված մշտադիտարկումներ է իրականացվել Գյումրի քաղաքում: Ընդհանուր առմամբ խախտումներ արձանագրվել են հինգ ընկերությունում. թերի են լրացվել ջերմաչափման գրանցամատյանները և սպասարկումն իրականացվել է առանց դիմակի:
Զուգահեռ ստուգայցեր են իրականացվել նաև մայրաքաղաքում: Նախօրեին խախտում արձանագրվել է միայն մեկ հանրային սննդի կետում, իսկ այսօր իրացման ցանցի կազմակերպություններում ու սննդի արտադրություններում ստուգայցերը արձանագրել են դրական պատկեր:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակել է Գյումրի քաղաքում նախորդ օրը մեկնարկած մշտադիտարումների գործընթացը: Մի քանի խախտումներ են արձանագրվել գազի լցակայաններում ու շինանյութի վաճառքի կետերում: Հիմնական խնդիրներն առնչվել են ջերմաչափման գրանցամատյաններին և սպասարկման ժամանակ դիմակներ կրելուն: Մեկ տնտեսվարողի մոտ բացակայել է նաև փակ աղբամանը:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ երկրորդ օրն անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզում:
Սեպտեմբերի 4-ին Գյումրի քաղաքի պատմամշակութային օջախներով հարուստ ճեմուղիների, հրապարակների, եկեղեցիների հարակից տարածքների դիտարկումների ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել։ Այնուհանդերձ, արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիները դիմակ չեն կրել. ոստիկանության կողմից կազմվել է դիմակ չկրելու վերաբերյալ արձանագրություն։
Տնտեսվարողների մոտ անվտանգության կանոնները պահպանելու և կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով արդեն երկրորդ օրն է` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը շարունակվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
Դիտարկվում են հյուրանոցները, թանգարանները, բանկերի մասնաճյուղերը, դեղատները, գեղեցկության սրահներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Բարվոք պատկեր է արձանագրվել քաղաքի թանգարաններում, մասնավորապես՝ Հովհաննես Շիրազի հյուրատուն-թանգարանում և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում։
Մի շարք խախտումներ են արձանագրվել «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցում և մանրամեծաախ առևտրի մի շարք կետերում, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ՝ պարետատուն ներկայացնելու համար։