Հնդկաստանի, Պակիստանի, Չինաստանի, Հայաստանի ու հարևան երկրի, ՀԱՊԿ, ԱՊՀ և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարները պատմության մեջ առաջին անգամ մի սեղանի շուրջ են նստել անվտանգության հարցեր քննարկելու: Նրանք ներկայացնում են երկրներ, որոնց տարածքային անվտանգության շահերը հաճախ բախվում են:
Սերգեյ Շոյգու, ՌԴ պաշտպանության նախարար - Հույս ունեմ, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո կակտիվանա, իսկ նիստի արդյունքներն ամուր հիմք կդառնան պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության խորացման համար:
Նպատակը՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության, հակամարտությունների սանձազերծման սպառնալիքի կանխարգելման ուղղությամբ ջանքերի համախմբումն է, նաև քննարկում են ռազմական համագործակցության հետագա ամրապնդման հարցեր:
Ստանիսլավ Զաս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար - Լարվածության, ահաբեկչության, աշխարհի տարբեր տարածաշրջաններում կոնֆլիկտային ներուժի աճը, այդ թվում ՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու սահմանների մոտ, պահանջում են համակողմանի խոր վերլուծություն և համատեղ ջանքեր՝ հակազդելու համար:
Համատեղ նիստին Դավիթ Տոնոյանն ընդգծել է՝ տարածաշրջանում ռուսական ներկայությունը և հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության խորացումը տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման կարևորագույն զսպող գործոններն են: Վերջին շրջանում հակասությունների սրումը որոշակի երկրների ամբիցիաների ընդլայնման հետևանք է՝ նշել է Տոնոյանը։
Տարածաշրջանային հակամարտություններն ուժային լուծում չունեն, և Հայաստանի համար անընդունելի են ռազմական հռետորաբանությունը և այդ հակամարտություններում նոր պետությունների ներգրավման փորձերը ՝ հետագայում տարածաշրջանում իրավիճակի սրմամբ։ Հայաստանի ռազմավարական շահերի ոլորտ է մտնում ոչ միայն կովկասյան տարածաշրջանը, այլ ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտին, ինչպես նաև Մերձավոր Արևելքն ու Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանը։ Ելնելով դրանից՝ Հայաստանը շահագրգռված է նշված տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմամբ:
Դավիթ Տնոյան, ՀՀ պաշտպանության նախարար - Քննարկվեց միջազգային հարաբերույթունների ռազմաքաղաքական բաղադրիչը, մեծ ուշադրություն դարձվեց համաճարակի դեմ ընդհանուր պայքարին: Ես և մեր հարևան երկրի ներկայացուցիչն անդրադարձանք Հարավային Կովկասին, երկուստեք հայտնեցինք մեր մտահոգությունը, հետաքրքրիր էր:
ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հետախուզական ստորաբաժանումների «Փոխգործակցություն» և «Որոնում» զորավարժություններն այս անգամ կանցկացվեն Հայաստանում, դրանց նախապատրաստումը քննարկվել է շտաբային զորավարժությունների ժամանակ:
Նիստի ավարտին ընդունվեց համատեղ հայտարարություն՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Մինչ այդ պաշտպանության նախարարները եղան Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր տաճարում: Եկեղեցուն կից «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիրի ինտերակտիվ պորտալից նախարար Տոնոյանը գտավ մեծ հայրենականին մասնակցած պապի՝ Հովհաննես Պողոսի Հակոբովի մասին տեղեկություններ:
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ծաղիկներ խոնարհեցին հաղթանակած մայրերի հուշարձանի մոտ և տնկեցին երկրների անվանական խնձորենիները: Հանդիպման ավարտին Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասնագետները կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մշակման և փորձարկման մանրամասներ ներկայացրին, Շոյգուն անձամբ պատվաստվեց: