Եվրասիական զարգացման բանկը 10 միլիոն դոլար է տրամադրել ԵԱՏՄ երկրներին՝ COVID-19-ի դեմ պայքարի նպատակով. հայտնել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը՝ Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան առցանց տեսակամրջի ժամանակ:
Ըստ նրա՝ Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է փորձնական ծրագիր իրականացնել՝ կորոնավիրուսի վարակ չկրող քաղաքացիների համար սահմանները բացելու նպատակով:
ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները, ըստ ԵԶԲ խորհրդի նախագահի տեղակալի, մոտեցել են այն հարցի լուծմանը, որ պետք է ստեղծել եվրասիական տարածաշրջանում գործակալություններ, որոնք կիրականացնեն նախագծեր՝ ուղղված ինտեգրացման գործընթացների խորացմանը:
«Առաջին փուլը Միության կայացման գործում հաջողությամբ ավարտվել է, այն է՝ նորմատիվային բազաների ստեղծում, կարգավորող նորմատիվային ակտերի միջազգային մակարդակով համաձայնություն, որոնք կստեղծեն անհրաժեշտ իրավական դաշտ ինտեգրացման գործընթացները խթանելու համար:
Մենք անցել ենք երկրորդ՝ հստակ նախագծերի իրականացումը ակտիվացնելու փուլին, նախագծեր, որոնք ուղղված են խորացնելու ինտեգրացիոն գործընթացը, մասնավորապես՝ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ստեղծման նպատակը հենց այդ խնդիրը լուծելն է: Մի կողմից՝ կլինեն նախաձեռնություններ, որոնք կառաջարկեն անդամ երկրների կառավարությունները և մյուս կողմից՝ կլինեն մասնավոր հատվածի նախաձեռնություններ, այնպիսի առաջարկներ, որոնք պարունակում են ինտեգրացիոն բաղադրիչներ»,- ասաց Սարգսյանը:
Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալի խոսքով՝ իրենց հիմնական նպատակն է օգնել ազգային կառավարություններին իրականացնել թվային բարեփոխումներր, երկրների հաջող փորձի ընդլայնումը եվրասիական տարածաշրջանում, ինչպես նաև մասնավոր հատվածի նախաձեռնությունների իրագործումը: