ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այլ անձանց կողմից թմրանյութ պահելու և իրացնելու վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 2 եղբայրներին պատկանող Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի տներից մեկում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր քանակության՝ «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն», «Մարիխուանա», «Կոկային», «Կանեփի սերմեր», «Քացախաթթվի անհիդրիդ» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, մեծ քանակությամբ «Methadone», «Լորազեպամ», «Տրամադոլ 50 մգ», «Պրեգաբալին» տեսակի դեղահաբեր, DERINGER ապրանքանիշի 2 ատրճանակ, АКСУ տեսակի ինքնաձիգ, 2 հատ պահեստատուփ, ТУЛЬСКИЙ «1895» գրառումներով ատրճանակ, նռնակ, PARMA գրառմամբ ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտներով, ինչպես նաև մեծ քանակությամբ տարբեր տեսակի փամփուշտներ:
2020 թ. սեպտեմբերի 2-ին եղբայրներից մեկը՝ ծնված 1983 թ., ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 273-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մյուս անձանց շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։