Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը հնարավոր է այլևս չերկարաձգվի, փոխարենը կհայտարարվի կարանտին: Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն կտա առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի պայքարել համավարակի դեմ: Արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո կարող է սահմանվել կարանտին՝ մարզպետի, Երևանի քաղաքապետի, ինչպես նաև կառավարության կողմից՝ առողջապահության նախարարության առաջարկությամբ:
Եթե կարանտին սահմանի կառավարությունը, անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի կիրառել ավելի խիստ միջոցառումներ: Կսահմանափակվեն հավաքներն ու հանրային միջոցառումները, իրավաբանական անձանց գործունեությունը, ապրանքների փոխադրումները, կրթական հաստատությունների գործունեությունը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ:
էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով անձանց տեղորոշում այլևս չի լինի, տվյալները կոչնչացվեն, տնտեսվարողների աշխատանքը չի կասեցվի: Գործող իրավական ռեժիմը քննադատող խմբակցությունները դեմ քվեարկեցին նաև ընդունվող փաթեթին: Մտահոգ են՝ քաղաքացիներն էլի տունգանվելու են, սահմանները, հնարավոր է, փակ մնան, իսկ կարանտին բառի կիրառումն առհասարակ տեղին չեն համարում:
Արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո մի շարք երկրներ պատրաստ էին քննարկել Հայաստանի հետ օդային սահմանները բացելու հարցը: «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյաին պատմել են եվրոպացի գործընկերները: Քննադատություններին արձագանքեց «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը, նրանց փաստարկները որակեց անտրամաբանական, ապա հավելեց` «կարանտին» բառի փոխարեն կարող են «հրաշք» գրել, բայց դրանից իրավիճակը չի փոխվի: Փաթեթով առաջարկվող կարգավորումներն ընդունվելու դեպքում կսկսեն գործել սեպտեմբերի 11-ից հետո: