«Մեկ ամսվա արտակարգ դրության փոխարեն մեզ առաջարկում են մինչև վեց ամիս կարանտին հայտարարելու նոր իրավակարգավորումներով նախագիծ, որը բազմաթիվ խնդիրներ ունի»,- հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում քննարկվող նախագծերի փաթեթին: Ըստ նրա՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ այդ խնդիրներն ուղղելու նպատակով առաջարկներ են արվել, որոնց մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ:
«Մեր մտահոգությունն այն է, որ այն ունի հակասահմանադրական դրույթներ՝ մարդու իրավունքների հետ կապված: Բացի դրանից՝ Հանրապետության տարածքով մեկ կարանտին հայտարարելու ուղերձը շատ վատ ուղերձ է, և ես մտավախություն ունեմ, որ այն երկրները, որոնք պատրաստվում էին ՀՀ համար սահմանները բացել սեպտեմբերի 12-ից հետո՝ արտակարգ դրության դադարի հիմքով, հնարավոր է՝ կարանտինի հիմքով շարունակեն սահմանափակումները մեր նկատմամբ պահպանել, որից տուժելու է մեր տնտեսությունը, մեր ժողովուրդը, մենք բոլորս: Կարելի է էլի քննարկել, անվանումը փոխել անգամ՝ կարանտին հայտարարելու հետ կապված»,- ասաց Էդմոն Մարուքյանը: