Խորհրդարանի մոտ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիները: Նրանք իշխանություններից պահանջում են բանակցություններ վարել Վրաստանի ու ՌԴ-ի հետ, որպեսզի թույլ տան մեկնել:
Ցուցարարների հետ հանդիպել են ներկայացուցիչներ խորհրդարանական երեք խմբակցությունից՝ «Բարգավաճ Հայաստանից» Վահե Էնֆիաջյանը, «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյանը:
«Իմ քայլից» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ ցուցարարներին ասել է. «Վրաստանում հոկտեմբերի 31-ին համապետական ընտրություններ են, մինչև դա չանցնի, չեն բացելու սահմանը»: Ըստ նրա՝ եթե Վրաստանը մեկ տուրիստ ընդունի, կամ թույլ տա, մեկն իր տարածքով անցնի-գնա Ռուսաստան, իրենք խնդիրներ կունենան:
Ինչ վերաբերում է օդային ճանապարհով ՌԴ մեկնելուն, Սիմոնյանը մեկնաբանել է. «Օդային ճանապարհով էլ Ռուսաստանն ասում է՝ մեզ մոտ համաճարակ է, և եթե նույնիսկ Հայաստանից մարդկանց ընդունեցի, մյուսներին ո՞նց եմ ասելու, որ չեմ ընդունում: Եթե, ասենք, դուք ուզում եք Եգիպտոս գնալ, և Եգիպտոսը բաց է, խնդիր չկա: Դա ընդունող երկրի խնդիրն է: Չհավատաք, եթե մեկը գա, ձեզ ասի՝ հեսա էդ հարցը լուծելու է: Մենք ամեն օր այդ հարցով բանակցում ենք, փորձում ենք չվերթերը վերականգնել»: