Թուրքիան սպառնում է ռազմական առճակատում Արևելյան Միջերկրական ծովում, քանի որ Էրդողանն իշխանությունը դիվանագիտությունից բարձր է դասում: Այս մասին Reuters- ին ասել է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմետ Դավութօղլուն, որը նախագահ Թայիփ Էրդողանի կառավարման առաջին տասնամյակում ավելի քիչ առճակատման քաղաքականության կողմնակիցն էր:
Ահմետ Դավութօղլուն, որը հայտնի է իր «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությամբ, անցյալ տարի խզեց կապը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ ու ստեղծեց մրցակից «Գելեչեկ» (Ապագա) կուսակցությունը:
Նա նոր նախագահությունը բնութագրել է ավտորիտար և կառավարությանը մեղադրել մի շարք խնդիրներ սխալ լուծելու համար, ներառյալ տնտեսությունը, կորոնավիրուսի բռնկումը և Միջերկրական ծովի արևելքում աճող լարվածությունը:
«Ցավոք, մեր կառավարությունը չի կատարում պատշաճ դիվանագիտական քայլ»,- ասել է նա հարցազրույցում`զգուշացնելով, որ եթե Հունաստանը և Թուրքիան ուժը նախընտրում են դիվանագիտությունից, «ցանկացած պահի ճգնաժամ կարող է բռնկվել և սրվել»:
«Թուրքիան պետք է հստակ ասի Եվրամիությանը՝ «եկեք նստենք սեղանի շուրջ և ներկայացնենք բոլոր տեսակետները»,- ասել է Դավութօղլուն: Ըստ նախկին պաշտոնյայի՝ Անկարան պետք է բանակցի նաև Աթենքի հետ՝ «քննարկելու բոլոր խնդիրները և լիցքաթափելու լարվածությունը»: