Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների:
Շնորհավորելով փրկարարների մասնագիտական տոնը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատու և նվիրված աշխատանքի համար:
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, Երևանի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ էլ մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: