Հայաստանում էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր և միջին բիզնեսը խթանելու նպատակով «Հայփոստ» ընկերությունը ներկայացնում է գնային նոր հատուկ ակցիա ՀՀ և Արցախի տարածքում ցանկացած փոստային բաժանմունքից մեկ այլ բաժանմունք առաքումների համար:
Այսուհետ մինչև 3 կգ քաշ ունեցող ծանրոցների առաքման գինը կլինի 200 դրամ, ակցիան կգործի մինչև հունվարի 1-ը:
Փոստային առաքանիների փոխադրման նոր լոգիստիկ լուծումների շնորհիվ «Հայփոստ» ընկերությունը նաև կրճատել է ծանրոցների առաքման ժամանակահատվածը: «Հայփոստի» 850-ից ավել բաժանմունքների ընդգրկուն ցանցի միջոցով ներհանրապետական առաքման դեպքում ծանրոցն իր հասցեատիրոջ բաժանմունք կհասնի ավելի արագ: Ծառայությունը հասանելի է Հայաստանի և Արցախի բոլոր փոստային բաժանմունքներում, ինչպես նաև Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ:
Լրատվամիջոցների հետ զրույցում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ COVID-19-ով պայմանավորված՝ Հայաստանի ներքին շուկայում գրանցվել է էլեկտրոնային առևտրի կտրուկ աճ՝ մոտ 62%-ով: Կարծում եմ՝ այս գործընթացում մեծ դերակատարում են ունեցել համավարակի կանխարգելման միջոցառումները: «Հայփոստը», լինելով փոստային կապի ազգային օպերատոր, իր ենթակառուցվածքով ծառայում է նաև պետական ռազմավարական խնդիրների իրականացմանը: Սա նշանակում է, որ «Հայփոստ»-ի նման մեծ ընկերությունները, որոնք լուծում են նաև կորպորատիվ սոցիալական խնդիրներ, նման իրավիճակներում պետք է դառնան երկրում առևտրաշրջանառության ծավալների պահպանման և աճի խթանողը»: