Բերում եք փաստարկ, որը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների քննադատություններին:
«Ձեր կարծիքով՝ եվրոպական երկրների ԱԳ նախարարություններում նստած մարդիկ բացում են, լուրերն են կարդում, մեկ էլ՝ «վայ, «կարանտին» բառը կա, վերջ, պետք է Հայաստանից ոչ մեկը չգա մեզ մոտ»: Այսինքն՝ ձեր կարծիքով՝ տարբեր երկրների պետական կառավարման ապարատներում այս մակարդակի են որոշումները կայացվո՞ւմ: Չէ, այդպես չէ, սիրելիներս: Երբ մի երկրից մուտքը կամ ելքն արգելում են համաճարակի ժամանակ, դրա համար ցուցիչը հետևյալն է՝ ինչ համաճարակային վիճակ է այդ երկրում, այսինքն՝ օրական վարակումների որքան թիվ է գրանցվում: Սա է գլխավորը,- ասաց Ռուբեն Ռուբինյանը, հավելելով,- եթե դուք իսկապես հետաքրքրված եք, որ հնարավորինս շուտ, հնարավորինս արագ բացվեն սահմանները, պետք է հետաքրքրված լինեք, որ հնարավորինս արագ թվերը իջնեն: Իսկ որպեսզի թվերը հնարավորինս արագ շարունակեն իջնել, անհրաժեշտ են այն միջոցառումները, որ իրականացվում են: Թե չէ՝ «կարանտին» բառը կարող ենք փոխարինել «հրաշք» բառով: Ձեր կարծիքով բա՞ն է փոխվում: Եկեք «կարանտին»-ի փոխարեն գրենք «հրաշք»: