Գյումրիում Քաղաքի օրը ամենաշքեղ ու սիրված տոներից է։ Այստեղ միշտ տոնին պատրաստվել են յուրօրինակ պատասխանատվությամբ։ Գյումրին այդ օրը ամենամարդաշատն է եղել՝ ջերմ հյուրընկալությամբ, շքեղ փառատոներով, առատ հյուրասիրությամբ՝ հիշում է Գյումրու քաղաքապետը։
Քաղաքային իշխանությունն ու ավագանին երկար մտորեցին՝ ինչպես տոնել քաղաքի օրը, ինչպես պահպանել տոնական տրամադրությունը՝ պահպանելով մարդկանց առողջությունը:
Սամվել Բալասանյան (Գյումրու քաղաքապետ) - Մենք պետք է հարմարեցնենք և անենք այնպիսի տոնակատարություն, այնպիսի Քաղաքի օր, որը համապատասխանի պարետի ցուցումներին:
Տոնական տրամադրությունը կուղեկցի գյումրեցիներին առցանց: Լայնամասշտաբ միջոցառումները կտեղափոխվեն համացանց, որտեղից կտարածվեն տեսանյութեր ու տեսաուղերձներ: Իսկ որպես տոնական օրվա սպասված նվեր՝ արվեստի քաղաքում կբացվեն մշակույթի ու մարզական կենտրոնները:
Հիմա հաճելի եռուզեռ է Գյումրիում: Պատմության թանգարանը նույնպես պաշտոնապես կբացվի քաղաքի օրը։ Ալեքպոլյան իրեր, գտածոներ, սպասք, նկարներ, ցուցանմուշներ․․․ այն ամենը, ինչ բնորոշ է Գյումրիին, կենցաղն ու սովորույթները:
Այստեղ վերջին շտկումներն են, բոլորը զբաղված են կարևոր գործով, ամեն մի ցուցանմուշ պետք է զբաղեցնի իր ճշգրիտ տեղը։ Նույնպիսի պատասխանատվությամբ աշխատում են քաղաքի նկարիչները։
Գյումրին ունեցավ առաջին ցուցասրահը, սա բոլորի հաջողությունն է համարում մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը։
Գյումրեցի նկարիչների վրձնած կտավները մեկտեղելը նկարչուհին հաջողություն է համարում։ Սա մեծ նվեր է քաղաքին, ավելացավ ևս մի գողտրիկ անկյուն՝ բացահայտելու առեղծվածային քաղաքն ու բնակիչներին։
Քաղաքի օրը իր դռները կվերաբացի Գյումրու քաղաքային գրադարանը։ Այստեղ ևս գրեթե պատրաստ են գրքասերներ հյուրընկալել:
Լուսավոր ու ընդարձակ նոր գրադարանի աշխատակիցները դիմում են մերօրյա ստեղծագործողներին ու հրատարակիչներին։ Ժամանակակից գրականության կարիքը կա, տեղը կա, ընթերցողն էլ կա, գրքեր են խնդրում՝ քաղաքային գրադարանի ֆոնդը թարմացնելու համար։
Տոնը կրելու է «Իմ սեր Գյումրի» խորագիրը: Օրվա առիթով Գյումրին նաև սիրո և խաղաղության իր ուղերձը կհղի աշխարհին՝ երիտասարդ կատարողների շուրթերով կպատգամի աշխարհի մարդկությանը՝ ազդարարելով «Թո՛ղ լռեն աշխարհի բոլոր թնդանոթները, որպեսզի երկինքներն արևների տուն դառնան»։