Կառավարությունը մտադիր է սեպտեմբերի 11-ից հայտարարել կարանտին. խորհրդարանում նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:
«Եթե օրենսդրական փաթեթն ընդունվի և ուժի մեջ մտնի մինչև սեպտեմբերի 11-ը, Կառավարությունը, այո, մտադիր է կարանտին հայտարարել և պայքարը շարունակել համաճարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ»,- մանրամասնեց փոխնախարարը:
Էդմոն Մարուքյանը նաև հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ կարանտինային ռեժիմն ավելի վատ լինի, քան արտակարգ դրությունը:
«Խնդիրը հետևյալն է, այս օրենսդրական փաթեթը նախատեսում է իրավունքների սահմանափակումների, միջոցառումների կիրառման այնպիսի սահմանափակ հնարավորություն, որը երբեք հնարավոր չէ շփոթել արտակարգ դրության հետ: Որոշակի դեպքերում կան հնարավորություններ՝ անվտանգության կանոններ ապահովելու, բայց արտակարգ դրության գործիքակազմը շատ ավելի լայն է»,- պարզաբանեց փոխնախարարը: