ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին Կառավարության հեղինակած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների նախագծերն ու դրանց կից փաթեթը: Նախագիծն ընդունվեց 70 կողմ, 19 դեմ ձայներով: Ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները կրկին դեմ քվեարկեցին օրենսդրական փաթեթին:
Մինչև նախագծի ընդունումը արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում կատարված փոփոխությունները: Դրանք են՝
-
հստակ շեշտվել է, որ իմունականխարգելումը չի կարող կատարվել առանց անձի համաձայնության.
-
«անապահով երկրներ» բառերը փոխարինվել է «անբարենապաստ երկրներ» բառերով, «կասկածելի անձինք» հասկացությունը փոխարինվել է «հնարավոր կոնտակտավոր» հասկացությամբ, հստակեցվել է «կոնտակտավոր» տերմինը.
-
հատուկ շեշտվել է, որ կոնտակտավոր անձանց վերաբերյալ տվյալները կարող են ուսումնասիրվել ինկուբացիոն շրջանում.
-
նախագծից հանվել է միջազգային առողջապահական կանոնների հետ կապված հոդվածը:
ԱԺ նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ այսօր ԱԺ շենքի առջև բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները և կոչ արեց այս նախագծի շրջանակում անդրադառնալ նրանց բարձրացրած խնդրին և հստակեցնել այդ ուղղությամբ առաջիկա անելիքները:
ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը նշեց, որ հանդիպել է ակցիա իրականացնող քաղաքացիների հետ, պարզաբանել, որ խնդիրը, մեծ հաշվով, ՀՀ-ինը չէ, աշխատանքներ են իրականացվում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ, սակայն դեռևս հստակ տեղեկություններ չկան: Ա.Սիմոնյանը կոչ արեց աջակցել Կառավարությանը՝ այս հարցը հնարավորինս շուտ լուծելու համար:
Արդարադատության փոխնախարարն ասաց, որ պետական սահմանների հետ կապված արգելքներ ֆորմալ առումով չկան, Կառավարությունն աշխատում է կանոնավոր թռիչքները վերականգնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ այլ երկրների կողմից մեր քաղաքացիներին չընդունելը պայմանավորված է համաճարակային իրավիճակով:
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: